Եվրոպական երկրները պաշտպանական ներուժի մեծացման պահուստային ծրագրեր են կազմում այն դեպքի համար, եթե ԱՄՆ-ն լքի ՆԱՏՕ-ն, հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով իր աղբյուրները:
«Պաշտոնյաներն աշխատում են նախագծերի վրա, որոնք ոմանք անվանում են «Եվրոպական ՆԱՏՕ», որպեսզի ավելի շատ եվրոպացիներ պաշտոններ զբաղեցնեն հրամանատարության և կառավարման կառույցներում, սեփական ուժերով լրացնեն ԱՄՆ-ի ռազմական հնարավորությունները»,- տեղեկացնում է պարբերականը:
WSJ-ի զրուցակիցների խոսքով՝ նման նախաձեռնությունները ՆԱՏՕ-ում քննարկվում են ոչ պաշտոնական մթնոլորտում, սակայն խոսք չի գնում ներկա դաշինքին մրցակից ստեղծելու մասին: Միևնույն ժամանակ եվրոպացի պաշտոնյաները ցանկանում են «պահպանել Ռուսաստանին զսպելու հնարավորությունները, օպերատիվ գործողությունների շարունակականությունը և միջուկային ներուժը», եթե ԱՄՆ-ն զորքերը դուրս բերի Եվրոպայից կամ հրաժարվի օգնության հասնել նրան:
Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Սկանդինավյան երկրները և Կանադան ՆԱՏՕ-ի շրջանակներում ձեռնամուխ են եղել չնախատեսված հանգամանքների դեպքում գործողություններ իրականացնելու ծրագրերին:
Եթե ԱՄՆ-ն դուրս գա ՆԱՏՕ-ից, ամենամեծ մարտահրավերները կմնան հակաօդային պաշտպանության համակարգերը, Լեհաստանում և Բալթյան երկրներում լրացուցիչ ուժերի տեղակայումը, լոգիստիկան և լայնածավալ տարածաշրջանային զորավարժությունները: Պաշտոնյաների խոսքով՝ այս միջոցառումների ամենակարևոր բաղադրիչը պարտադիր զինվորական ծառայության վերականգնումն է։
Կառավարության պաշտոնյաները նաև նշում են, որ Եվրոպան պետք է արագացնի սարքավորումների արտադրությունն այն ոլորտներում, որտեղ այն զգալիորեն հետ է մնում ԱՄՆ-ից, ինչպիսիք են հակասուզանավային պայքարը, տիեզերական տարածության և հետախուզության միջոցների օգտագործումը, օդում վերալիցքավորումը և օդով ուժերի տեղափոխումը: Հատկապես բարդ իրավիճակ է ստեղծվել միջուկային զսպման միջոցների և հետախուզության հետ կապված:
Արդյունքում՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի վրա ճնշում է գործադրվում, որպեսզի նրանք ընդլայնեն իրենց դերը հետախուզության և միջուկային հարցերում: