Մենք գտնվում ենք մի կետում, երբ որ մենք մեր ձևավորած Հայաստանի Հանրապետությունը պետք է պաշտպանենք: Պետք է պաշտպանենք շատ պինդ, պետք է պաշտպանենք շատ սկզբունքային, որովհետև մենք ձևավորել ենք մի երկիր, որն ունի հեռանկար: Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դա չի նշանակում, որ Հայաստանում չլուծված խնդիրներ չկան: Աշխարհում չկա այդպիսի երկիր, որտեղ չլուծված խնդիր չկա. գոյություն չունի: Մեր ձևավորած Հայաստանը լավ Հայաստան է, հեռանկար ունեցող Հայաստան է, մեր ձևավորած Հայաստանը անվտանգ Հայաստան է, մեր ձևավորած Հայաստանը ապահով Հայաստան է, քաղաքացիակենտրոն և մարդակենտրոն Հայաստան է, և մեր ձևավորված Հայաստանը ինքն իրեն ռեֆլեքսիայի ենթարկող Հայաստան է:
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, որովհետև մենք հասել ենք պատմական նվաճման: Մենք հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների: Մենք հաղթահարել ենք առնվազն 1500 տարի մեզ հետ տեղի ունեցող՝ անընդհատ կրկնվող պատմական ցիկլերը: Մենք հաղթահարել ենք ուրիշների կողմից մեզ պարտադրված հայրենասիրության մոդելները, երբ որ մեզ կաղապարը տվել են, ասել՝ այ, այսպես պետք է սիրեք հայրենիքը: Ձեր տան պատերին պետք է այսինչ նկարը կախած լինի, պետք է երգեք այսինչ երգերը, արտասանեք այսինչ բանաստեղծությունները և այլն: Հիմա մենք առերեսվում ենք մեր պատմության, մեր իրականության և մեր անելիքների հետ, և մենք ենք դա անում: Այդ ճանապարհին մենք կսխալվենք, այդ ճանապարհին վերանայումներ կանենք: Ժամանակին մի կարգախոս կար, քաղաքացիական հասարակությունն էր օգտագործում այն, հնչում էր այսպես. «Մենք ենք տերը մեր երկրի»: Այսօր իրականացված է:
Մենք ենք տերը մեր երկրի. դա ամենամեծ նպատակն է, որն ընդհանրապես եղել է, և այդ նպատակը իրագործված է. մենք ենք տերը մեր երկրի: Հիմա պետք է ձևավորել այնպիսի պետական համակարգ, որը հարատև ապահովի ՀՀ-ի քաղաքացիների՝ սեփական երկրի տերը լինելու փաստը: Այս իրողությունը պետք է շարունակական զարգանա: Մենք այսօր դա կարող ենք անել և կարող ենք դա մեզ թույլ տալ, որովհետև մենք մեր գոյատևման օրակարգը փոխարինել ենք զարգացման օրակարգով: Այսօր ՀՀ-ն չի գոյատևում, այսօր ՀՀ-ն կա, զարգանում է, աշխատում է, ձևավորում է օրակարգեր, լուծում է օրակարգերը:
Այսօր ՀՀ-ի միջազգային հեղինակությունը շարունակաբար աճում է: Այսօր ՀՀ-ի տարածաշրջանային հեղինակությունը աճում է: Այսօր ՀՀ-ն ի վիճակի է ինքը զբաղվել իր միջավայրում իր համար հարմարավետություն ստեղծելով: Սա շատ կարևոր բան է, և մենք պետք է շարունակենք այս ճանապարհը, և խնդիրները լուծելու համար մեզ պետք է արդյունավետ պետական կառավարման համակարգ, և մենք գնում ենք այդ ճանապարհով»,- նշեց վարչապետը: