ՀՀ-ում դպրոցներ չեն փակվում, ՀՀ-ում դպրոցներ կառուցվում են: Եվ ես նման խոսակցություն ունեցել եմ մի քանի բնակավայրերում, երբ որ կային շատ հարգելի քաղաքացիներ, ովքեր ասում էին՝ մեր գյուղի դպրոցը փակվում է: Ես ասում էի՝ սիրելինե՛ր, ձեր գյուղի դպրոցը չի փակվում, ձեր գյուղի համար նոր դպրոց է կառուցվում, որից հետո ասում էին, որ գիտե՞ք ինչ, բա էդ դպրոցը 5 կմ այն կողմ է, կամ 3 կմ, 2 կմ այն կողմ է, և մեր բնակության տարածքից դուրս։ Այդ մասին Կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդտեղ ես փաստարկներ էի բերում, մի քանի հանդիպումներից հետո ես եկա Երևան և արեցի հետևյալ էքսպերիմենտը. խնդրեցի, որ չափեն կինո «Հայրենիքի» մեր տնից դեպի այն դպրոցը, որտեղ իմ բոլոր երեխաները, երբ որ կինո «Հայրենիքի» տանն էինք ապրում, գնացել են դպրոց. սկզբից մինչև վերջ նույն դպրոցը: Եվ պարզվեց, որ վեցուկես կմ մի ուղղությունն է։ Այն ժամանակ ոչ մեկը ոչ մի որոշում չի կայացրել, ոչ մի վարչական որոշում չի կայացրել. իմ երեխաները իմ միջոցներով, իմ ծախսով վեցուկես կմ ամեն օր գնացել են, վեցուկես կմ հետ են եկել։ Ամենայն հարգանքով՝ ընկալումն այն է՝ որտե՞ղ է կրթության որակն ավելի լավ, ասենք՝ որևէ հեռավոր գյուղո՞ւմ, թե՞ Երևանում: Ակնհայտ է, չէ՞, որ Երևանում։
Այն ինչ որ ես սեփական երեխաների համար արել եմ, ես հիմա, օգտվելով այս իմ կարգավիճակից, և մեր գործընկերների հետ անում եմ ՀՀ բոլոր երեխաների համար, որպեսզի նրանք գնան դպրոց, որտեղ լինի ֆիզկուլտուրայի դահլիճ, նախ՝ լինի պատշաճ միջավայր։ Հնարավոր չէ վեցհոգանոց դպրոցում երեխայի համար ապահովել կրթություն, որովհետև կրթության կարևոր մասը հաղորդակցության մեջ լինելն է: Մենք երեխային 15-հոգանոց դպրոցում տասը տարի պահում ենք, հետո մի քանի հազար ներկայացուցիչ ունեցող բանակ ենք ուղարկում, հետո ասում ենք՝ զինվորը ինչո՞ւ սենց եղավ: Ո՞վ է վերլուծում այսպիսի բաներ. ոչ ոք, բացարձակապես ոչ ոք։ Հանրապետությունում որևէ դպրոց չի փակվում։ Հանրապետությունում փակվում են ավերակներ, և բացվում են դպրոցներ, որտեղ երեխաները ունենան բեմ, երեխաները ունենան միջավայր, որտեղ երեխաները ունենան լաբորատորիաներ, ճանապարհներ և այլն։ Սա կարևոր արձանագրում է»,- նշեց Փաշինյանը։