ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը նշեց, որ կենսաչափական փաստաթղթերի համակարգում որոշակի զարգացումներ կան և խնդրեց ներկայացնել, թե ինչ փուլում ենք հիմա գտնվում, և քաղաքացիներին երբ կհասնի այդ նոր որակի փաստաթղթերը։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ասաց. «Այս պահի դրությամբ հանրապետությունում կենսաչափական նոր համակարգի ներդրման աշխատանքները բավական ակտիվ փուլում են գտնվում։ Մենք արդեն իսկ հասցրել ենք վերջնականացնել հանրապետությունում առաջիկայում գործող 23 տարածքային գրասենյակների տեղակայման վայրերը, որից երկուսը լինելու է Երևանում՝ առևտրի մեծ մոլերում, ինչը թույլ կտա նաև մշակութային փոփոխություն բերել հանրային ծառայությունների մատուցման ոլորտում»։
Նախարարը հայտնեց, որ այս պահի դրությամբ արդեն իսկ նույնականացման քարտերի՝ կենսաչափական նոր քարտերի դիզայնը վերջնական հաստատված է, անվտանգային բաղադրիչները՝ ևս, և մեծաքանակ տպագրության են ուղարկել նույնականացման քարտերը։ Ինչ վերաբերում է կենսաչափական անձնագրին, արդեն իսկ ավարտական փուլում են գտնվում նաև դիզայնին վերաբերող աշխատանքները, և առաջիկայում արդեն կհաստատեն նաև դիզայնը, և կգնան նորից մեծաքանակ տպագրության փուլ։
«Պիտի փաստեմ, որ բացի վիզուալ այս երկու փաստաթղթերի նկարագրից, մենք նաև փոխել ենք ամբողջովին գրասենյակների մոտեցումը՝ ծառայությունների մատուցման տեսանկյունից, և մենք արդեն 2026 թվականի աշնանը կնկատենք հեղափոխական փոփոխություն՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից մատուցվող ծառայությունների տեսանկյունից։ Եվ այն գրասենյակները, որ այս պահի դրությամբ ոչ բավարար պայմաններում ծառայություններ են մատուցում մեր քաղաքացիներին, կտեսնենք, որ 180 աստիճանով տարբեր ծառայություններ ենք մենք ունենալու արդեն 2026 թվականի աշնանը։
Փաստեմ նաև, որ մեզ համար կարևոր է եղել նաև անվտանգային բաղադրիչը, այսինքն՝ թե ինչպիսի ստանդարտով ենք նաև անձը հաստատող փաստաթղթերը մշակում։ Եվ փաստեմ, որ ընդհուպ մենք համապատասխանեցրել ենք մեր չափորոշիչները առաջիկայում՝ արդեն 2027 թվականին Եվրոպական միության կողմից հաստատվող նոր ստանդարտին, այսինքն՝ առաջանցիկ նաև տեմպերին ևս համապատասխան ենք արել մեր բոլոր քայլերը։
Նշեմ նաև, որ այս տեսանկյունից արդեն վաղը կունենանք ֆրանսիական ընկերության հետ համապատասխան հանդիպում, որտեղ որ հստակ վերջնաժամկետները նաև կսկսենք ֆիքսել կոնկրետ պրոցեսների, որը արդեն մեզ թույլ կտա 2026 թվականի աշնանը այս ծառայությունները մատուցել մեր քաղաքացիներին»,- նշեց նախարարը։