Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է բանակում 2025 թվականին գրանցված մահվան դեպքերի վերաբերյալ հանրությանը դիտմամբ սխալ պատկեր ներկայացնելուն:
«Քանի որ իրենք անընդհատ ուզում են խոսվի մահվան մասին, երբ որ դա կապվում է զինվորի հետ, դա ավելի ցավագին է ընդունում մեր հասարակությունը, նրանք առիթը բաց չեն թողնում դա կրկին բարձրաձայնելու, ցավեցնելու: 2025 թվականին ծառայության հետ կապված 6 մահվան դեպք է արձանագրվել, որից մեկը՝ կայծակնահարության, մեկը հոսանքահարման, 2-ը՝ ինքնասպանության, 2-ը առողջական խնդիրներով:
2025 թվականին՝ հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, մահացել է 30 զինծառայող, խոսքը ժամկետայինների մասին չէ այս 30-ը, մարդկանց մասին է, ովքեր տարիքային տարբեր խմբերում են, որից 24-ը՝ ծառայության հետ չկապված հանգամանքներում: Նրանց մեջ 3 պայմանագրային զինծառայողներ սպանվել են ծառայության հետ չկապված հանգամանքներում՝ տարբեր կենցաղային հարցերով: Մեկն ինքնասպանություն է գործել, մեկն ինքնասպանության հասցնելու հետ կապված հարցով, 8-ը՝ հիվանդության պատճառով, 8-ը՝ ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառով, 3-ը՝ դժբախտ պատահար:
Հիմա այս ամենը գումարում են իրար, այդ 30 դեպքը ներկայացնում են, որ ամբողջ օրը բանակում ավտոմատը առած ժամկետային զինծառայողները իրար կոտորում են կամ իրար նվաստացնում են, որ ինքնասպան լինեն: Մենք չենք հերքում, որ բանակում կան խնդիրներ, մենք չենք հերքում, որ բանակում կան ոչ կանոնադրային հարաբերություններ, մենք դրա մասին ինքներս ենք բարձրաձայնում, բայց այս կերպ փորձել անընդհատ ահաբեկել և ցավեցնել մեր հասարակությանը, մի բանի մասին է՝ այս բոլոր հավաքական խմբերը, նաև արտախորհրդարանական նորելուկ կուսակցությունները, բոլորը մահվան և պատերազմի կուսակցության ներկայացուցիչներ են»,- նշեց պաշտպանության նախարարը: