Ինչպես նախորդող շրջանում մեր ամենակարևոր առաջնահերթությունը խաղաղության օրակարգն էր, որը մենք իրականացրինք, հաջորդ 5 տարվա մեր ամենակարևոր առաջնահերթությունը պետք է լինի մեր ջրային ռեսուրսների կոնսոլիդացումը և կառավարումը: Այդ մասին ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:
«Ես Վայոց ձորով գնալիս արևկող լանջերը որ տեսնում եմ, ինձ մոտ հարց է առաջանում. ինչու այդտեղ չպետք է լինեն հազարավոր հեկտարներով այգիներ: Իմիջիայլոց, այս հարցը օդից չէ, որովհետև այդ լանջերում և բարձրավանդակներում, այդ թվում ուղղաթիռով թռչելիս, տեսնում եմ, որ որոշակի ներդրումային ծրագրեր են արվել, և կտոր-կտոր, լավաշի նման ինտենսիվ այգիներ են: Եթե այնտեղ մարդիկ ներդրում են արել և այդ բարձրավանդակում այգի են ստեղծել, նշանակում է դրա արևկող լանջը միանշանակ կարող է լինել, ընդ որում՝ այնպիսի բերքատու և այնպիսի բարձրորակ բերքի այգի, որ միլիոնների օգուտներ կբերի: Դա հնարավոր է միայն մի պայմանում, որ եթե մենք ջուր հասցնենք այնտեղ: Եթե նույնիսկ մենք ջրային ռեսուրսները կուտակենք, բայց ջուր օգտագործենք այնպես, ինչպես հիմա ենք օգտագործում, դա անհնար է, չենք կարողանալու, որովհետև պետք է ինտենսիվ այգեգործություն և ինտենսիվ ոռոգման տեխնոլոգիաներ կիրառել: Առաջիկա հինգ տարվա մեջ սա իհարկե միակ առաջնահերթությունը չի լինելու, բայց՝ ամենամեծը: Որ ընդհանրապես աղքատության էջը Հայաստանում փակվի, դրա բանալին ջուրն է և ջրի կառավարումը: Մենք սա մեր նախընտրական ծրագրում որպես կարևորագույն առանցք անպայման կֆիքսենք»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետը հիշեցրեց, որ 21 թվականի նախընտրական ծրագրում տարեկան 1000 հա ինտենսիվ այգի ստեղծելու խոստում են ունեցել: «Կատարված է այդ խոստումը, գերակատարված է, ընդ որում՝ այն ժամանակ որ ասում էինք՝ տարեկան 1000 հա ինտենսիվ այգի, մեզ համար այնպիսի անհավանական թիվ էր թվում, ասում էինք՝ պետք է մեծ ջանք գործադրենք: Հիմա դա իրականություն է, դա նշանակում է, որ տարեկան 1000-ը պետք է դարձնել տարեկան 2000, բայց էլի առանց ջրի նկատմամբ մեր ընդհանուր վերաբերմունքի փոփոխության, դա մի իքս պահի կկանգնի, որովհետև կպարզվի՝ փողը կա, հողը կա, բայց եթե ջուրը չկա, դա չի լինի: Իսկ լավ լուրն այն է, որ ջրային ռեսուրսներ մեր լեռներում գոյանում են: Խնդիրն այն է՝ դա էֆեկտվ կուտակել և էֆեկտիվ օգտագործել, որովհետև մեկն առանց մյուսի հնարավոր չէ: Մեր ջրի կեսը կորսվում է: Երբ որ մենք ամեն անգամ երբ ուզեցել ենք սկզբունքային մոտեցում ցուցաբերել, ասել ենք՝ դե լավ, մարդկանց սոցիալական հարց է առաջանում և այլն, մի քիչ աչք փակենք, բայց լավություն չենք արել իրենց դրանով, հիմա պետք է անենք այդ լավությունը»,- ասաց վարչապետը: