Լրագրողներն այսօր ճեպազրույցում ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանից հետաքրքրվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երկաթուղու մասին հայտարարության վերաբերյալ. Հայաստանը դրա հետ կապված մրցակցային խնդրի առա՞ջ է կանգնած, և կա՞ն արդյոք քննարկումներ ռուսական կողմի հետ կառավարման փոփոխության հարցով:
Ռուբինյանը հայտնեց, որ տեղյակ չէ: «Ես տեղյակ չեմ, բայց ենթադրում եմ, որ պետք է լինեն: Այսինքն՝ դա էր բխում վարչապետի ասածից, այլ տեղեկություն չունեմ»,- ասաց նա:
Նշենք՝ վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ճեպազրույցներից մեկում խոսելով երկաթուղու մասին, ասել էր, թե Ռուսաստանի կողմից երկաթուղու կառավարման առումով ռազմավարական դիրքերի կորուստ ենք ունենում, ընդգծել՝ ՌԴ-ի դեմ ոչինչ չունենք, բայց լավ կլինի, որ երկաթուղու կառավարումը գնի մեր ու ՌԴ-ի հետ բարեկամ որևէ երկիր:
Հիշեցնենք՝ հայաստանյան երկաթուղին ռուսական կառավարման ներքո հայտնվեց 2008-ի նախագահական ընտրությունների նախաշեմին: Այն կոնցեսիոն կառավարման հանձնվեց 30 տարով՝ ևս 20 տարի երկարաձգելու հնարավորությամբ: Չնայած պայմանագրի ավարտին դեռ 12 տարի կա, մեր երկրի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել հետ վերցնել այդ հատվածները և պետբյուջեի միջոցներով վերականգնել: