ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայաստան–Հնդկաստան համագործակցության շրջանակում դեղամիջոցի նոր խմբաքանակ է տրամադրվել «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնին։ Այն պաշտոնապես հանձնել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։ Այս անգամ մատակարարվել է 21600 դեղապատիճ։
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ողջունելով դեսպանին, կարևորել է Հայաստան–Հնդկաստան համագործակցության շարունակական զարգացումը՝ հատկապես առողջապահության ոլորտում։ Նա ընդգծել է, որ բարեգործական այս նախաձեռնությունը էական նշանակություն ունի թալասեմիայով ապրող երեխաների բուժման համար, հատկապես որ կենսական նշանակության դեղամիջոցը տրամադրվում է անվճար։ Միաժամանակ կարևորվել է գործընկերության ընդլայնումը և նոր համատեղ ծրագրերի իրականացումը՝ ի նպաստ բուժառուների բուժման արդյունավետության բարձրացման։
Այցի ընթացքում կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանի ուղեկցությամբ կազմակերպվել է շրջայց, ներկայացվել են կենտրոնի աշխատանքները և բուժական հնարավորությունները։