ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երկուշաբթի Բուդապեշտում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Վաշինգտոնը չի ցանկանում ստիպել ուկրաինական ճգնաժամի որևէ կողմին ընդունել կարգավորման վերաբերյալ ապագա համաձայնագիրը։
«Մենք փորձում ենք միայն նպաստել համաձայնության հասնելու գործին։ Մենք ոչ մեկին համաձայնագիր չենք պարտադրում, չենք ստիպում այն ընդունել, եթե նրանք դա չեն ցանկանում։ Մենք պարզապես ուզում ենք օգնել»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Ռուբիոյի խոսքով՝ ԱՄՆ-ն միակն էր, որը կարողացավ Ռուսաստանին և Ուկրաինային վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ։ Նա խոստացել է շարունակել ճգնաժամի կարգավորման գործընթացը, սակայն հնարավոր է համարել ԱՄՆ-ի ձախողումն այդ ուղղությամբ: Ռուբիոն նաև քննադատել է այն ուժերին, որոնք դեմ են Ուկրաինայի վերաբերյալ Վաշինգտոնի խաղաղ նախաձեռնություններին։