Քննարկում ենք շատ կարևոր օրենքի նախագիծ, որը մեկ այլ՝ շատ կարևոր նախագծի լրացում է, որի շնորհիվ մենք պարոն Պապիկյանի (ՀՀ պաշտպանության նախարար - խմբ.) հետ այս դեկտեմբերին էինք դիրքերում, հանդիպեցինք ու զրուցեցինք բազմաթիվ զինվորականների հետ, ու պիտի ասեմ՝ անկեղծորեն տպավորված էի: Այդ մասին Ազգային ժողովի՝ փետրվարի 11-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:
Հիշեցնենք՝ խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Անդրադառնալով ընդդիմության՝ նախագծով զինծառայողների շրջանում անհավասարություն սերմանելու մեղադրանքներին, նկատեց՝ այսօր ատեստավորումից միջին գնահատական ստացած պայմանագրային զինծառայողը ստանում է հարկված՝ 620 հազար դրամ աշխատավարձ:
«Ես ուզում եմ ասել, որ դա ավելի շատ է, քան պատգամավորի աշխատավարձը»,- նկատեց Եղոյանը:
Արձագանքելով տեղից արձագանքող «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին՝ ասաց. «Պարոն Մինասյան, հատկապես մեր խմբակցության պատգամավորները ձեր խմբակցության ղեկավարի նման տուն չունեն և ինձ թվում է՝ երբեք էլ չեն ունենա»:
Մինասյանի հարցին՝ թե դա ինչ կապ ունի, նկատեց՝ շատ մեծ:
«Փոխարենը՝ երեկ և առաջին օրը ձեր բազմաթիվ հորդորներից հետո պաշտպանության նախարարը դրեց մեր պետության դղյակների՝ պաշտպանական ամրությունների տեսանկարահանումները: Էն, որ ասում էիք՝ այդ պետական պարտքը որտեղից է աճել, Սեյրան Օհանյանի ապօրինի գույքի բռնագանձումը դեռ տեղի չի ունեցել, որ այդ փողով արվեր, դրա համար, կներեք, դեռ պետական պարտքով ենք արել էդ բոլոր՝ մեր պետական, մեր բոլորի՝ զինվորականների, հայրենիքի պաշտպանների դղյակների կառուցումը»,- հայտարարեց պատգամավորը՝ դիմելով ընդդիմադիր գործընկերներին: