ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Կուբային նավթ մատակարարող երկրների համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու մասին: Միաժամանակ, հստակ չի նշվում, թե ինչ նոր մաքսատուրքեր կսահմանվեն` գրում է ABC-ն։
Ըստ Թրամփի՝ «Կուբայի կառավարության քաղաքականությունը, գործելակերպը և գործողություններն անսովոր և ծայրահեղ սպառնալիք են ներկայացում» ԱՄՆ ազգային անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը: Նա երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարել՝ կապված կղզուց սպասվող ենթադրյալ սպառնալիքի հետ:
Հրամանում նշվում է, որ Կուբայում «տեղակայված է Ռուսաստանի ռադիոէլեկտրոնային հետախուզության արտասահմանյան խոշորագույն օբյեկտը, որը փորձում է գաղտնի տեղեկատվություն գողանալ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության մասին»
ԱՄՆ նախագահը բազմիցս կոչ էր արել Կուբային «գործարք կնքել, քանի դեռ ուշ չէ», սակայն չէր նշել դրա պայմանները կամ երկրի համար հնարավոր հետևանքները։
Ի պատասխան՝ Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը հայտարարել էր, որ Վաշինգտոնը բարոյական իրավունք չունի իր երկրին որևէ համաձայնագիր պարտադրելու։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Կուբան «գտնվում է փլուզման եզրին» Վենեսուելայից նավթի մատակարարումների դադարեցումից հետո։ Վենեսուելան Կուբայի հիմնական նավթ մատակարարողն էր՝ օրական ուղարկելով մոտավորապես 35000 բարել (մոտավորապես 4800 տոննա) նավթ, սակայն արտահանումը դադարեցվել է դեկտեմբերին Վենեսուելայի` ԱՄՆ ռազմածովային շրջափակման պատճառով։