ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Դավոսում հանդիպմանը փոխըմբռնման են հասել Գրենլանդիայի և, ընդհանուր առմամբ, Արկտիկայի տարածաշրջանի հետ կապված ապագա համաձայնագրի շուրջ: Թրամփը հայտարարել է, որ այս լուծումը հիանալի կլինի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի բոլոր երկրների համար:
«Հիմնվելով այս փոխըմբռնման վրա՝ ես չեմ սահմանի մաքսատուրքերը, որոնք պետք է ուժի մեջ մտնեին փետրվարի 1-ից»,- նշել է նա:
Ավելի վաղ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում իր ելույթում Թրամփը բացառել էր ուժի կիրառումը Գրենլանդիայի հանդեպ վերահսկողություն հաստատելու համար:
Իր հերթին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի հետ քննարկել է Արկտիկայի պաշտպանության հարցը՝ տարածաշրջանում Չինաստանի և Ռուսաստանի ակտիվության ֆոնին: Ռյուտեի խոսքով՝ ՆԱՏՕ-ն շատ աշխատանք ունի անելու, որպեսզի ցամաքում, ծովում և օդում ունենա անհրաժեշտ ամեն բան Արկտիկայի տարածաշրջանը, այդ թվում՝ Գրենլանդիան պաշտպանելու համար: Դանիայի կազմում Գրենլանդիայի մնալ-չմնալու հարցը չի քննարկվել: