ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին և դաշնակից մի շարք այլ երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Սաուդյան Արաբիայի, Կատարի, Եգիպտոսի և Թուրքիայի ղեկավարներին ներառել Գազայի հատվածը կառավարող Խաղաղության խորհրդում, հաղորդում է The Telegraph-ը՝ հղում անելով իրազեկված աղբյուրներին։
Լրատվամիջոցներում նաև լուրեր են շրջանառվում, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, Թրամփի փեսա Ջարեդ Քուշները և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կլինեն գործադիր խորհրդի անդամներ։ Այդ մարմինը հաշվետու է լինելու Խաղաղության խորհրդին, բայց կենտրոնական դեր է խաղալու համաձայնագրի երկրորդ փուլի իրականացումը վերահսկելու գործում։
Գործադիր խորհուրդը նաև ղեկավարելու է Պաղեստինի տեխնոկրատական կառավարությունը, որը պետք է զբաղվի Գազայի հատվածի ամենօրյա վերականգնմամբ և այնտեղ կարգուկանոնի պահպանմամբ: