Ավարտվել է 2025 թվականի սեպտեմբերի 24-ին Փարաքար համայնքի նախկին ղեկավարի, ՆԳՆ ոստիկանության աշխատակցի սպանության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 2 անձի մասով: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:
Ինչպես արդեն հայտնել ենք, Մերձավանում տեղի ունեցած սպանության առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Գ.Հ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), իսկ Ն.Օ.-ի նկատմամբ՝ 46-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությանն օժանդակելը) (2 դրվագ) և 46-44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձին օժանդակելը):
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Գ.Հ.-ի և Ն.Օ.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Սպանվել էին Մերձավանի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանն ու ևս մեկ անձ, մեկ անձ վիրավորում էր ստացել: Կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: ՔԿ-ն ներկայացրել էր քրեական գործի մանրամասները: ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նշել էր, որ Փարաքարում համայնքապետի սպանությունը եղել է փետրվարյան իրադարձության շարունակություն: