Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ՆԳՆ և ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված մեծածավալ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և նախաքննական մարմին է ներկայացվել մեկ անձ: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված անհետաձգելի գործողությունների արդյունքում ձերբակալվածին պատկանող շինությունում հայտնաբերվել են Քրեական օրենսգրքով արգելված՝ արարքին վերջինիս առնչությունը հաստատող բացահայտ հետքեր, այդ թվում՝ հանցագործության կատարման պահին օգտագործված դիմակը, ձեռնոցները, կոշիկները, բաճկոնը, գիշերային տեսանելիության սարքը, որոնք վերջինս փորձել է այրման եղանակով ոչնչացնել:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են բազմաթիվ ապացուցողական և վարութային գործողություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, այդ թվում՝ հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննչական կոմիտեն հավաստիացնում է, որ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն ամբողջությամբ տիրապետում են օպերատիվ իրավիճակին, իսկ նախաքննական մարմինը Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկելու է անհրաժեշտ միջոցներ՝ քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը կենսագործելու, ինչպես նաև նախաքննության համակողմանիությունն ապահովելու ուղղությամբ:
Հաշվի առնելով քրեական վարույթի հանրային հնչեղությունը՝ Քննչական կոմիտեն քննության արդյունքների վերաբերյալ օրենքով նախատեսված թույլատրելիության սահմաններում պարբերաբար հանդես կգա հաղորդագրությամբ:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։
Սպանվել են Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ: Մեկ անձ վիրավոր է, կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Մերձավանի կրակոցների հետևանքով զոհված երկրորդ անձը
քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է:
Ավելի վաղ հայտնել էինք Մերձավանի կրակոցների հետևանքով
վիրավորում ստացած անձի ինքնությունը: Վերջինս Արծրուն Գալստյանն է: Սեպտեմբերի 25-ին նա գիտակցության էր եկել և հարցաքննվել:
Տեսագրությամբ արձանագրվել էր, որ դիմակավորված անձը վազելով մոտեցել էր Վալոդյա Գրիգորյանին ու մյուսներին, կրակահերթ արձակել ու դիմել փախուստի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել էր տեղի ունեցածը և ընդգծել. «ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց»։