ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Մերձավանում տեղի ունեցած կրակոցներին, որի հետևանքով սպանվել են Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ:
«Ցնցված եմ Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և ոստիկանի սպանության լուրից: Ցավակցում եմ զոհվածների հարազատներին:
Հանցագործները պետք է արագ բացահայտվեն և պատժվեն»,- գրել է Ռուբինյանը:
ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը ևս անդրադարձել է կատարվածին՝ գրելով.
«Բռնությունը տեղ չունի մեր երկրում։ Հուսամ իրավապահները արագ կբացահայտեն մեղավորներին և նրանք կստանան իրենց պատիժը՝ օրենքի ողջ խստությամբ։ Ցավակցում եմ զոհվածների հարազատներին»։
Մերձավանի կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ
քրեական գործ է հարուցվել:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Սպանվել են Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ: Մեկ անձ վիրավոր է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը և ընդգծել. «ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց»։