Գերմանիայի արտգործնախարարությունը ողջունել է մեկ ամսից էլ քիչ ժամանակում ադրբեջանական նավթամթերքի երկրորդ խմբաքանակի մատակարարումը Հայաստան:
«Ուրախալի է տեսնել, որ կարևոր քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանում առևտրային հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- նշված է Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասյան տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտարարվել է, որ Ադրբեջանից Հայաստան է գալիս նավթամթերքի երկրորդ խմբաքանակը: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ այն ներառում է մի քանի հազար տոննա պրեմիում և ռեգուլար դասի բենզին, ինչպես նաև դիզելային վառելիք: Նախնական գնահատականներով՝ վառելիքի գինը շուկայականից ցածր կլինի 80 դրամով։
Ադրբեջանական լրատվամիջոցները հունվարի 7-ին տեղեկություն էին տարածել, որ Բաքուն Հայաստան նավթամթերքի խմբաքանակ է ուղարկելու: Նշվում է, որ այս անգամ Հայաստան կմատակարարվի 1000 տոննա АИ-92 տեսակի բենզին, նույն քանակությամբ դիզելային վառելիք և 1800 տոննա АИ-95 տեսակի բենզին: