ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին քննարկվեց դեկտեմբեի 4-ին առաջին ընթերցմամբ ընդունված «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հետաքրքրվեց՝ համակարգի ներդրման արդյունքում առաջնային օղակի աշխատանքն ավելանալու է, հետևաբար աշխատավարձի բարձրացում սպասվո՞ւմ է, եթե՝ այո՛, ի՞նչ մեխանիզմով:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանեց՝ ճիշտ է, վերջին տարիներին բոնուսային համակարգերը բավականին փոխել են աշխատավարձի պատկերը, այնուամենայնիվ, կան առաջնային օղակի մասնագետներ՝ թերապևտ, ընտանեկան բժիշկ, մանկաբույժ, այլ նեղ մասնագետներ, որոնց աշխատավարձի փոփոխության խնդիր դեռ կա:
«Ապահովագրության փաթեթի մեջ ներառվող ծառայությունների տրամաբանությունն է որոշակիորեն փոխվում, [այսինքն] առաջնային օղակում նաև ծառայության վճարներ են ստանալու, կոնկրետ դեպքի սպասարկման [վճարներ]:
Տեսե՛ք՝ ծավալը ավելանալու է, հոսքը ավելանալու է, այո՛, այդ հոսքի մի մասը per capita (բնակչության մեկ շնչի հաշվով - խմբ.) շրջանակներում է վճարվելու, բայց նաև վճարվելու է կոնկրետ ծառայությունների դիմաց: Այսինքն՝ ինչքան շատ սպասարկի, այնքան ավելի շատ հասույթ կունենա, և աշխատավարձի վերանայման հնարավորություններն այստեղ շատ մեծանում են, նաև՝ բուժքույրերի մասով:
Այո՛, աշխատավարձերի վերանայում միանշանակ սպասվում է»,- ասաց նախարարը: