Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շարունակում է հանդիպումները:
Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից, այս անգամ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ էր նախարարի աշխատանքային հանդիպումը:
Ապահովագրական փաթեթում ներառված բուժծառայությունների, սքրինինգային ծրագրերի ու դեղերի ընտրության սկզբունքը, ինչպես նաև դրանց տրամադրման կարգը ներկայացնելուց հետո նախարարը պատասխանել է բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին:
Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է նաև ապահովագրության ներդրմանը նախորդած աշխատանքները, որոնք հնարավորություն են տալու սահուն անցնելու այս համակարգին:
«Յուրաքանչյուր բուժծառայության համար իրականացվել է խորքային գնահատում` հստակեցնելու տվյալ ծառայության ինքնարժեքի և այն անհրաժեշտ ծախսերի հարաբերակցությունը, որոնց իրականացման դեպքում կարող ենք որակ պահանջել»,- նշել է նախարարը:
Հաշվի առնելով բարեփոխման բազմաշերտ և ընդգրկուն լինելը, ինչպես նաև պրակտիկ կիրառման մեջ բնականորեն առաջ եկող խնդիրները` հանդիպումները կլինեն ամենամսյա:
Նախատեսվում է նաև բուժաշխատողների հետ ընդլայնված հանդիպում: