Մեր երկրում փուլային ձևաչափով ներդնելու ենք մի ընդհանրական համակարգ, որն ապահովելու է բոլոր քաղաքացիների առողջական հիմնական կարիքների բավարարումը: Այն համընդհանուր է, այսինքն՝ ներառելու է Հայաստանի բոլոր քաղաքացիներին, բայց չի ծածկելու բոլոր քաղաքացիների և ամեն անհատի բոլոր առողջապահական կարիքները, այլ ուղղված է հիմնական հիվանդացության և մահացության բեռ հանդիսացող վիճակների, հիվանդությունների մեղմմանը, դրանց առողջապահական ամենալավ արդյունքների ապահովմանը: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 2-ի նիստին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը:
Ապահովագրական համակարգը ներդրվելու է 3 տարվա ընթացքում:
«2026-ի առաջին փուլով ապահովագրվելու են բնակչության հետևյալ խմբերը՝ մինչև 18 տարեկան երեխաները, 65+ տարիքի անձինք, 18-65 տարեկան՝ հաշմանդամության կարգ, ֆունկցիոնալության գնահատական ունեցող քաղաքացիները, անապահովության միավորներ՝ 28 և ավելի միավոր ունեցող անձինք: Այս բոլոր խմբերը ապահովագրվելու են պետության կողմից, և նրանց ապահովագրավճարը վճարելու է պետությունը պետբյուջեի շրջանակներում»,- ասաց նախարարը:
Հաջորդ խումբը, որ ներառվելու է 2026-ից, 200 հազար դրամից ավելի աշխատավարձ կամ դրան հավասարեցված եկամուտ ունեցող քաղաքացիներն են: Նրանց համար Կառավարությունը առաջին մեկնարկային տարվա ֆինանսական բեռը մեղմելու նպատակով ներդնելու է սուբսիդավորման համակարգ:
«Այսպես, 200-500 հազար դրամ աշխատավարձ ստացող մեր քաղաքացիները պետք է վճարեն տարեկան 129 հազար 600 դրամ, որը, ամիսների բաժանելով, ստանում ենք 10800 դրամ: Վճարումն իրականացվելու է ամսական կտրվածքով: 10800 դրամից նրանք «Զինապահ» հիմնադրամին այսօր վճարվող 5500 դրամի փոխարեն վճարելու են ընդամենը 1000 դրամ, մնացած 4500 դրամը կարողանալու են ուղղել առողջության ապահովագրությանը:
Հաջորդը ֆիզիկական անձանց հայտարարագրման համակարգի՝ սոցիալական կրեդիտների շրջանակում վերադարձն է, այսինքն՝ մեր կողմից վճարված եկամտահարկից պետությունը այսօր մեզ վերադարձնում է մեր անձի առողջության և կրթության ծախսերը հոգալու համար: Այս սոցկրեդիտների շրջանակում, կրկնում ես, 200-500 հազար դրամ ստացած քաղաքացիները ամսական մինչև 6000 դրամի շրջանակներում կարողանալու են վերադարձ ստանալ: Այսինքն՝ 2026 թվականի ֆինանսական բեռը այս խմբի քաղաքացու վրա ընդամենը 300 դրամ է լինելու:
Հաջորդը 500 հազարից 1 մլն դրամ աշխատավարձ ստացողներն են: Այս խմբի քաղաքացիներն այսօր վճարում են «Զինապահ» հիմնադրամին 8500 դրամ, շարունակելու են վճարել 1000 դրամ, և մնացած 7500 դրամը ևս կարողանալու են ուղղել առողջության ապահովագրությանը:
Սոցկրեդիտների շրջանակում նրանք կարողանալու են ամսական մինչև 4000 դրամի վերադարձ ստանալ, և 1 մլն դրամից ավելի ստացող քաղաքացիները շարունակելու են «Զինապահին» վճարել 15 հազար դրամը, և կարողանալու են վերադարձ ստանալ միայն սոցկրեդիտի 4000 դրամը»,- ասաց նա:
2027 թվականին կներառվեն նաև մինչև 200 հազար դրամ ստացող, այսինքն՝ բոլոր ֆորմալ գրանցված աշխատողները: Երրորդ՝ ավարտական փուլին, համակարգում կներառվեն մնացած բոլոր քաղաքացիները, որոնք գյուղացիական տնտեսություններում զբաղվածներ են, ուսանողները և այլն:
«Այսինքն՝ 2028 թվականի հունվարի 1-ից մեր վերջնական փուլը մեկնարկում է, և 2029 թվականին մեր բնակչության ճնշող մեծամասնությունը պիտի ունենա առողջության համընդհանուր ապահովագրություն»,- ասաց նախարարը: