Վերջին երեք տարվա ընթացքում Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է ահռելի մասշտաբի չերևացող ենթակառուցվածքների կառուցում ամբողջ քաղաքում՝ լինի ջուր, լինի գազ, լինի էլեկտրականություն թե լինի ինտերնետ։ Այդ մասին լրագրողներին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Երևանում նաև նորակառույց շենքերի հայտնվելով առաջացող ջրամատակարարման և ջրահեռացման խնդիրներին։
«Դա արել ենք մենք, իհարկե, մեր գործընկերների՝ կառուցապատողների միության, «Գազպրոմի», ՀԷՑ-ի, «Վեոլիա Ջրի» և մնացյալ բոլոր գործընկերների ներգրավմամբ։ Եվ եթե խոսվում է Երևանի քաղաքապետարանի որևէ մեղավորության մասին, պետք է արձանագրենք, որ Երևանի քաղաքապետարանը Խորհրդային Միության տարիներից հետո երևի թե ամենամասշտաբային ծրագիրն է իրականացրել ենթակառուցվածքների ավելացման մասով։
Երկրորդը՝ Երևանի քաղաքապետարանը այսօր շինթույլտվությունները, նամանավանդ խոշոր համալիր կոմպլեքսների, տալիս է մի ձևով՝ ճարտարապետական խորհրդի հաստատմամբ: Հինգ ճարտարապետ են՝ իրենց ոլորտի մասնագետներ, ամեն վեց ամիսը մեկ ճարտարապետներից մեկը փոխարինվում է մեկ այլ ճարտարապետով: Որ դեպքում ճարտարապետական խորհուրդը իր մասնագետական ուսումնասիրության արդյունքում տալիս է դրական եզրակացություն, դա նշանակում է դրական եզրակացություն, որ դեպքում չի տալիս, դա նշանակում է բացասական եզրակացություն, և մենք դա չենք տալիս։
Ասեմ ավելին՝ Երևանի քաղաքապետարանը վերջին երկու տարվա ընթացքում ներմուծել է տուրքեր ճարտարապետահատակագծային առաջադրանքների համար։ Նախկինում նախ կոռուպցիոն շատ մեծ ռիսկեր էր պարունակում ուղղակի այդ թույլտվությունները տալը։ Նախորդ տարի միայն 24 միլիարդ դրամ գումար է հավաքել Երևանի քաղաքապետարանը։ Դրանից առաջ՝ 2021 թվականին, 2020 թվականին, 2022 թվականին այդ տողով հավաքվում էր զրո դրամ»,- ասաց նա։