Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ Նուբարաշենի աղբավայրում նոր վերամշակման գործարան կառուցելու խնդրին։
«Երբ խոսում ենք Նուբարաշենի աղբավայրի մասին, առաջին արձանագրումը, որ պետք է անենք, այն է, որ Երևան քաղաքը այդ խնդիրն ունի արդեն իսկ 75 տարի։ Ես վստահ եմ՝ նույնիսկ Խորհրդային Միության տարիներին ինչ-որ խոսակցություններ եղել են, որ ինչ-որ լուծումներ պետք է փնտրենք և գտնենք, բայց չեն արվել։ Մենք ի՞նչ ենք անում. մենք զուգահեռ երեք ուղղությամբ ենք շարժվում. առաջին ուղղությունը՝ մենք հայտարարում ենք երկփուլ մրցույթ, որի տրամաբանությունը ասում է հետևյալը. հարգելի ընկերություններ, ովքեր որ ունեն փորձառություն աղբի վերամշակման գործարան կառուցելու, կառավարելու, տվեք ձեր առաջարկները առաջին փուլի համար, որից հետո կամբողջացնենք և կդնենք երկրորդ փուլի ավարտական վերամշակման գործարանի մրցույթը։
Երկրորդ պրոցեսն այն է, որ ՏԿԵ նախարարության հետ ընդհանուր ֆորմատով, միջազգային ֆինանսական մեր գործընկերների հետ փորձում ենք ճանապարհ գտնել կրկին նույն նպատակի համար, և մենք շեշտել ենք՝ որ ճանապարհով որ ավելի արագ և արդյունավետ կհասնենք լուծմանը, մենք այդ ճանապարհով էլ գնալու ենք։
Եվ երրորդ խնդիրը, որը դրվել է, այն է, որ Նուբարաշենի եղած աղբավայրի որոշակի, այսպես ասած, նախնական վերամշակման պրոցեսի հետ կապված նոր ծրագիր պետք է ներկայացնենք»,- ասաց նա։