Ես գիտեմ, որ պրոցես է ընթանում, տարբեր մարդիկ հարցաքննվել են, շատ կարևոր է արձանագրել, թե ինչն է հիմք հանդիսացել այդ հայտարարության համար։ Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Նուբարաշենի աղբավայրի հրդեհմանը։
«Երեք պրոցես է տեղի ունեցել. առաջինը՝ աղբավայրի կառավարումը մասնավոր ընկերությունից քաղաքապետարանը վերցրել է՝ չեղարկելով պայմանագիրը։
Երկրորդ՝ միջադեպից 2 օր առաջ որոշ անձինք որոշ բաներ են խոսացել աղբավայրում, որ շուտով ինչ-որ բան է տեղի ունենալու։
Եվ երրորդ՝ հիմա քաղաքապետարանը այնտեղ ամբողջական տեսահսկման համակարգ է դնում, դնում է սահմանափակումներ տարատեսակ ավտոմեքենաների մուտքի և բավականին խիստ է լինելու այսուհետ վերահսկողությունն այդ հատվածում»,- ասաց նա։
Լրագրողի հարցին՝ ի՞նչ եղավ ճապոնական ընկերությունը, որը ժամանակին եկել էր, ներդրումներ էր արել, Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Ճապոնական ընկերության արած աշխատանքը շատ կարևոր էր, բայց կարելի է ասել՝ այն իր մասշտաբով ուղղակի ցուցադրական աշխատանք էր, շատ փոքր էր։ Դա ընդամենը մի շատ կարևոր օրինակ է, թե ինչպես կարող է աշխատել։ Այդ մանրամասները, թե ինչի գնաց, ինչի չեղավ և մնացյալը, ես կդժվարանամ ասել»։
Հիշեցնենք՝ օրեր առաջ Նուբարաշենի աղբավայրում բռնկված խոշոր հրդեհից հետո ընկերության տնօրեն Վահե Վարդապետյանն
ազատվել էր աշխատանքից։