Գործընթացը բացարձակապես դադարած չէ, վերջին երեք տարվա ընթացքում ահռելի ծավալի ավտոբուսներ և տրոլեյբուսներ ենք ներմուծել, ու ասեմ ավելին՝ այսօր Երևանի ավագանու նիստում քննարկվում է ևս 45 տրոլեյբուսների ֆինանսավորումը բյուջեում նախատեսելու հարցը։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ այդ ֆինանսավորումը տրված է Կառավարության կողմից՝ անձամբ վարչապետի հանձնարարականով։
«Վերջերս իրականացված հետազոտությունների արդյունքում մենք արձանագրել ենք, որ Երևան քաղաքը փաստացի պետական բյուջեի ֆինանսավորման տեսանկյունից ամենաթերֆինանսավորվողն է։ Երևանը սեփական եկամուտները վերջին երեք տարիների ընթացքում փաստացի եռապատկել է, իսկ շարունակաբար Կառավարության կողմից պլանավորված տրվող ֆինանսավորումը նվազել է։ Նմանատիպ որոշումներով, կարծում եմ, նաև որոշակի բալանսավորում է իրականացվում, մինչև ինստիտուցիոնալ ավարտական լուծումներն ունենալը»,- ասաց նա։