Ազգային ժողովը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Մրցութային խորհրդի որոշման համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Լևոն Բալյանի թեկնածությունը:
Ազգային ժողովում թեկնածուի կենսագրությունը ներկայացրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ Արթուր Հովսեփյանը:
Ըստ այդմ՝ Լևոն Բալյանը ծնվել է 1978 թվականին Երևանում: 1994-ին ընդունվել է Երևանի դատական փորձաքննությունների ինստիտուտը, որն ավարտելով՝ ստացել է իրավաբանի որակավորում: 1996-98 թվականներին ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում, 2004-2007-ին սովորել է Հյուսիսային համալսարանում, մասնագիտությունը՝ իրավագիտություն: 1990-ի հունվարից 2022 թվականի դեկտեմբեր աշխատել է Հարկադիր կատարման ծառայությունում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ: 2016-2019 թվականներին եղել է ծառայության տեսչական, վերլուծական և աճուրդի կազմակերպման բաժնի պետը: 2019-2022-ին զբաղեցրել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի պաշտոնը: 2022-ի դեկտեմբերից մինչև 2024-ի դեկտեմբեր եղել է արդարադատության նախարարի տեղակալ, համակարգել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատանքները:
Իր ելույթի ժամանակ Լևոն Բալյանն ընդգծեց՝ մասնագիտական կյանքի ավելի քան 25 տարիները նվիրված են եղել հանրային ծառայությանը՝ զբաղեցնելով կրտսեր պաշտոններից մինչև ղեկավար պաշտոններ: Ըստ Բալյանի՝ աշխատանքային տարիներն իրեն հնարավորություն են տվել խոր ու ամբողջական պատկերացում կազմել քաղաքացու խնդիրների, հանրային ծառայողից ակնկալիքների, ինչպես նաև պետական կառավարման ամենատարբեր օղակների թե՛ փոքր, թե՛ համակարգային խնդիրների մասին, իսկ այդ ճանապարհին նա երկու կարևոր սկզբունք է առանձնացրել:
«Առաջինը՝ միայն լավ օրենքներ ունենալը երբեք բավարար չէ, երբ դրանք կիրառող, կենսագործող ինստիտուտներն անկախ, հաշվետվողական ու վստահելի չեն:
Երկրորդ՝ փոփոխություն կատարելը պահանջում է ոչ միայն գիտելիք և փորձառություն, այլև շատ հաճախ ավելի շատ խիզախություն, համառություն և բարեվարքություն»,- ասաց նա:
Անդրադառնալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին միանալու իր մոտիվացիային՝ Լևոն Բալյանը նշեց. «Հավատում եմ, որ կարող եմ իմ ներդրումն ունենալ հանրային ծառայության այնպիսի համակարգ կառուցելու գործում, որտեղ ազնվությունը ոչ թե բացառություն է, այլ ստանդարտ, որտեղ հանրային ծառայողները գիտեն՝ հաշվետվողականությունն անխուսափելի է, որտեղ քաղաքացին վստահ է՝ յուրաքանչյուր պետական մարմին, յուրաքանչյուր պաշտոնատար անձ առաջնորդվում է պետական շահով»: