Այս օրերին ՆԳ նախարարությունը զերծ է մնացել որևէ մեկնաբանություն տալ Մերձավանում կատարված սպանության բացահայտման աշխատանքների վերաբերյալ, ինչը պայմանավորված էր հետագա հնարավոր սուր իրավիճակներից խուսափելու համար: Այս մասին այսօր հրավիրված ճեպազրույցում հայտարարեց ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ լրատվամիջոցներում տարբեր տեղեկություններ էին տարածվել, այդ իսկ պատճառով հայտնեց այս պահի դրությամբ հայտնի որոշ մանրամասներ՝ թույլատրելիի սահմաններում:
Սարգսյանը հիշեցրեց՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանությունն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Կարճ ժամանակ անց ահազանգ էր ստացվել նաև հիվանդանոցից, որ իրենց մոտ են տեղափոխվել երեք անձինք՝ երկուսը մահացել են, մեկը վիրավոր է:
«Այս պահի դրությամբ կարող եմ նշել, որ Ոստիկանության օպերատիվ խմբեր են անմիջապես մեկնել դեպքի վայր ՆԳ նախարարի գլխավորությամբ, ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը ղեկավարել է ներքին գործերի նախարարը»,- հայտնեց նա:
Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակում ձեռնակվել են ծավալուն համալիր հետախուզական միջոցառումներ և արդյունքում՝ հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և նախաքննական մարմին է ներկայացվել մեկ անձ:
Նրա խոսքով՝ ձերբակալվածին պատկանող շինությունում հայտնաբերվել են Քրեական օրենսգրքով արգելված՝ արարքին վերջինիս առնչությունը հաստատող բացահայտ հետքեր, այդ թվում՝ հանցագործության կատարման պահին օգտագործված դիմակը, ձեռնոցները, կոշիկները, բաճկոնը, որոն փորձ է արել այրել:
Հայտնաբերվել է նաև գիշերային տեսանելիության սարք:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են բազմաթիվ ապացուցողական և վարութային գործողություններ՝ դեպքի ամբողջ հանգամանքները պարզելու, այդ թվում՝ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
«Հաշվի առնելով դեպքի հասարակական մեծ հնչեղությունը՝ մենք հատկապես ՔԿ-ի մեր գործընկերների հետ պարբերաբար հանդես կգանք հայտարարություններով դեպքի բացահայտման առնչությամբ»,- հայտնեց ՆԳՆ խոսնակը:
Հիշեցնենք՝ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցների հետևանքով սպանվել էին Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ:
Մեկ անձ վիրավոր էր, կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել:
Մերձավանի կրակոցների հետևանքով զոհված երկրորդ անձը
քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է:
Ավելի վաղ հայտնել էինք Մերձավանի կրակոցների հետևանքով
վիրավորում ստացած անձի ինքնությունը: Վերջինս Արծրուն Գալստյանն է: Սեպտեմբերի 25-ին նա գիտակցության էր եկել և հարցաքննվել:
Տեսագրությամբ արձանագրվել էր, որ դիմակավորված անձը վազելով մոտեցել էր Վալոդյա Գրիգորյանին ու մյուսներին, կրակահերթ արձակել ու դիմել փախուստի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել էր տեղի ունեցածը և ընդգծել. «ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց»։