Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ՝ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության գործով ձերբակալված կա: Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել է ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ հավելելով, որ տեղի ունեցած սպանությունը շարունակությունն է փետրվարյան իրադարձությունների:
Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին Մերձավան բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանի տան վրա զինված հարձակում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով սպանվել էր Ախտոյանի հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը: Այս գործով մեղադրյալների թվում է նաև Վալոդյա Գրիգորյանի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը: Թե ով է Վալոդյա Գրիգորյանի ու նրա ընկերոջ սպանության գործով ձերբակալվածն ու ինչի համար է կասկածվում, Սարգսյանը չի մանրամասնել:
Ըստ մամուլի հրապարակումների՝ ձերբակալվածը Մերձավանում սպանված 29-ամյա Գրիգոր Օհանյանի եղբայրն է՝ Նարեկ Օհանյանը: Անդրադառնալով դեպքը քաղաքականացնելու շահարկումներին՝ Նարեկ Սարգսյանը նշել է. «Քաղաքական որևէ էլեմենտ չկա, զուտ միջանձնային կոնֆլիկտ է»:
Հիշեցնենք նաև՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։
Սպանվել են Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ: Մեկ անձ վիրավոր է, կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Մերձավանի կրակոցների հետևանքով զոհված երկրորդ անձը
քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է:
Ավելի վաղ հայտնել էինք Մերձավանի կրակոցների հետևանքով
վիրավորում ստացած անձի ինքնությունը: Վերջինս Արծրուն Գալստյանն է: Սեպտեմբերի 25-ին նա գիտակցության էր եկել և հարցաքննվել:
Տեսագրությամբ արձանագրվել էր, որ դիմակավորված անձը վազելով մոտեցել էր Վալոդյա Գրիգորյանին ու մյուսներին, կրակահերթ արձակել ու դիմել փախուստի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել էր տեղի ունեցածը և ընդգծել. «ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց»։
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան