Վաղարշապատի ոստիկանության բաժնի բակում ոստիկանապետ Արամ Ղազարյանը պատասխանել է լրագրողների մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին սեպտեմբերի 23-ին Մերձավանում տեղի ունեցած աղմկահարույց սպանություններին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:52-ին, ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Սպանվել են Փարաքարի համայնքապետը և ևս մեկ անձ, իսկ մեկ ուրիշը վիրավորվել է։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանապետը հայտնել է, որ այս պահի դրությամբ ձերբակալվածներ չկան։
«Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական մի շարք միջոցառումներ, որոնց վերաբերյալ, բնականաբար, չեմ կարող մանրամասներ ներկայացնել։ Ամեն ինչ արվում է իրավապահների կողմից»,- նշել է նա։
Արամ Ղազարյանն անդրադարձել է նաև ոստիկանության կողմից իրականացվող կանխարգելիչ աշխատանքներին, որոնց մասին
խոսել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով․ «Մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի՞ գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում՝ բռնությունների շարքը թույլ չտալու համար, ովքեր պետք է կատարեին այդ գործողությունները և ինչու չեն կատարել»։
«Ցանկացած նման դեպքով իրականացվում են ուսումնասիրություններ։ Եթե պարզվի, որ աշխատակիցները թերացել են, համապատասխան գործողություններ կձեռնարկվեն, և նրանք կենթարկվեն պատասխանատվության։ Ներկայումս նման տվյալներ չկան»,– նշել է ոստիկանապետը։