Դիմակավորված անձը իր մոտ գտնվող ինքնաձիգից կրակահերթ է արձակել Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի, վերջինիս ընկերոջ՝ ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանի և նրանց հետ գտնվող Արծրուն Գալստյանի ուղղությամբ, ինչի հետևանքով Վալոդյա Գրիգորյանը և Կարեն Աբրահամյանը մահացել են, իսկ Արծրուն Գալստյանը տեղափոխվել է ԲԿ և ստանում է բուժօգնություն: Այդ մասին «Լուրերի» թղթակցի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արտակ Հովհաննիսյանը:
«Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածով (Սպանություն) նախատեսված հանցագործության հատկանիշներով՝ Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի մահվան փաստի առթիվ, իսկ Արծրուն Գալստյանի նկատմամբ սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է 44-155-րդ հոդվածի (Սպանության փորձ) հատկանիշներով քրեական վարույթ: Կատարվում է նախաքննություն:
Անմիջապես ձեռնարկվել են անհրաժեշտ և առաջնահերթ ապացուցողական և վարութային բոլոր գործողությունները, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման նյութի հետքեր, դրանցից կատարվել են նմուշառումներ: Հայտնաբերվել են կրակված պարկուճներ, 18 հատ, որոնք ևս վերցվել և առգրավվել են:
Դեպքի վայրի զննությամբ տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները ևս առգրավվել են: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատագենետիկական, դատակենսաբանական: Հարցաքննվել են մի շարք վկաներ, և շարունակաբար կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ, նաև ոստիկանության հետ համատեղ օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ՝ հանցագործությունը հնարավորինս թարմ հետքերով և շուտափույթ բացահայտելու և մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,- ասաց նա:
Արտակ Հովհաննիսյանը նաև ընդգծեց՝ տեսանկարահանող սարքերը տեսագրել են դեպքը. «Հենց դրա հիման վրա էլ նշեցի, որ դիմակավորված անձն է ինքնաձիգով կրակահերթ արձակել: Այդ ամենը հենց տեսանկարահանող սարքերի ուսումնասիրության, զննության արդյունքում են վեր հանվել և ի հայտ եկել»:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Սպանվել են Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ: Մեկ անձ վիրավոր է, կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Մերձավանի կրակոցների հետևանքով զոհված երկրորդ անձը
քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է:
Հայտնի է Մերձավանի կրակոցների հետևանքով
վիրավորում ստացած անձի ինքնությունը: Վերջինս Արծրուն Գալստյանն է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը և ընդգծել. «ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց»։