ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր մասնակցել է ԲՏԱ նախարարության և «Սիսկո ինթերնեշնլ լիմիթեդ» ընկերության միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը: Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից:
«Իմ խոսքում ընդգծել եմ, որ պետության համար կարևոր է Հայաստանում գործող ցանկացած տեխնոլոգիական ընկերության գործունեությունը, սակայն առանձնահատուկ գնահատանքի է արժանի այն փաստը, որ որոշ ընկերություններ նաև ռազմավարական ներդրումներ են կատարում մեր երկրում մարդկային կապիտալի զարգացման ծրագրերում՝ ուղղված մասնագիտական ներուժի զարգացմանը, կրթության և նորարարության խթանմանը։
Հուշագրով նոր հնարավորություններ ենք ընձեռում աշակերտներին և ուսանողներին՝ հասանելիություն ունենալու ժամանակակից տեխնոլոգիական կրթական ծրագրերին՝ կիբեռանվտանգությունից մինչև ցանցային ավտոմատացում:
Այս ակադեմիական նախաձեռնության ներդրումը Հայաստանի կրթական համակարգում կնպաստի երիտասարդ սերնդի տեխնոլոգիական հմտությունների զարգացմանը և երկրի թվային վերափոխման գործընթացի առաջխաղացմանը»,- նշված է գրառման մեջ։