Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը խորհրդարանում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ վիճակագրություն ներկայացրեց վարժական հավաքներից (ՔՕ 462-դ հոդված) և պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափելու (ՔՕ 461-դ հոդված) դեպքերի վերաբերյալ:
Անդրադառնալով դատական գործերի մասով 2023-ի տվյալներին՝ հայտնեց՝ ՔՕ 461-րդ հոդվածով ստացվել է 100 գործ, 100-ից 5-ով քրեական վարույթը կարճվել է, 7-ով կայացվել է դատավճիռ, ՔՕ 462-րդ հոդվածով ստացվել է 52 գործ, 19-ով կայացվել է դատավճիռ՝ նաև նախորդ տարվա ստացված գործերով:
«2023-ին ՔՕ 462-րդ հոդվածով դատապարտված անձանց թիվը կազմել է 15, 2024-ի ընթացքում ՔՕ 461-րդ հոդվածով ստացվել է 157 գործ՝ նախորդ տարվա 100-ի փոխարեն: 58-ով քրեական վարույթը կարճվել է, 32-ով կայացվել է դատավճիռ:
ՔՕ 462-րդ հոդվածով ստացվել է 65 գործ՝ նախորդ տարվա 52-ի փոխարեն, 2-ով քրեական վարույթը կարճվել է, 70-ով կայացվել է դատավճիռ: Սա ընդամենը փոքր մի վիճակագրություն, որ միայն հարուցված քրեական վարույթները չեն աճ գրանցել, այլև դատական գործերն ու դատավճիռներն են աճ գրանցել»,- պարզաբանեց Քոչարյանը:
Հիշեցնենք՝ նախագծով առաջարկվում է խստացնել ՔՕ 461-րդ հոդվածի 1-ին մասով և 462-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների կատարման համար նախատեսված քրեական պատասխանատվությունը, ինչը կհանգեցնի նաև պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու դեպքերի նվազեցմանը:
Մասնավորապես, նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սանկցիայում «երկուսից հինգ» տարի ժամկետով ազատազրկումը փոխարինել «երեքից վեց» տարի ժամկետով ազատազրկմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկվում է տուգանք պատժատեսակի չափը սահմանել տասնհինգապատիկից երեսնապատիկի չափով, իսկ ազատազրկման համար նախատեսված՝ «առավելագույնը երկու տարի» ժամկետը փոխարինել «մեկից երեք տարի» ժամկետով: