Բնակարաններ պատերազմի ժամանակ, զինծառայության ընթացքում վնասվածք ստացած, հենաշարժողական խնդիրներ ունեցող զինծառայողների համար: «Հայաստան» համահայկական հիմնադրամը և Զինվորի տունը սկսում են 8 բնակելի տան կառուցման ծրագիրը Բալահովիտում: Եվս 8 բնակարան հիմնադրամը կկառուցի Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում: Այս դեպքում՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված բազմանդամ ընտանիքների համար: Այս տարվա մայիսին տեղահանված 14 ընտանիք Լեռնագոգ գյուղում կտեղափոխվի ամբողջությամբ պատրաստ բնակարաններ:
«Հայաստան» հիմնադրամի ծրագրերը իրականություն են դառնում 2024-ի Հեռուստամարաթոնին հավաքված ավելի քան 15 միլիոն դոլարի շնորհիվ: Նույն հանգանակության միջոցով կվերանորոգվի Սպանդարյանի ջրանցքը, որը ոռոգման ջրով կապահովի սահմանային բոլոր համայնքներին: Հիմնադրամի օգնությամբ ենթակառուցվածքների բարելավման խոշոր ծրագիր է իրականացվում նաև Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում: