Ես՝ որպես ՄԻՊ, ճիշտ չեմ համարում այն իրավիճակում, երբ ազատությունից զրկումը չի ծագել անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա և տեղի չի ունենում անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա, անձին ազատությունից զրկելը: Այդ մասին Ազգային ժողովի՝ մայիսի 13-ի նիստին ՄԻՊ-ը՝ 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելիս ասաց ՀՀ օմբուդսմեն Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով լրագրող Լիլիթ Աղեկյանին առնչվող միջադեպին:
ՀՀ ՄԻՊ-ը բոլորին՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, հանրային գործիչներին, ԶԼՄ-ներին, որոնք, ըստ Անահիտ Մանասյանի, զգայունության կոնտեքստից դուրս հրապարակումներ են անում, կոչ արեց ցուցաբերել պատշաճ զգայունություն՝ ընդգծելով, որ վատ վերաբերմունքը կապ չունի այն բանի հետ, թե անձն ինչ արարք է կատարել:
«Նշված գործի հետ կապված՝ թե՛ մենք տիկին Աղեկյանի հետ ենք հանդիպել, զրուցել, թե՛ ես ինքս Գյումրիում անձամբ հարազատների հետ եմ զրուցել, իրենց բոլոր բողոքները մեզ ներկայացրել են: Ես միանշանակ պահանջել եմ պարտադիր քննություն բոլոր մտահոգությունների և բողոքների հետ կապված, որովհետև եթե կան արժանահավատ տվյալներ վատ վերաբերմունքի որևէ դրսևորման, դրանք առաջին հերթին, այո՛, պետք է արժանանան պատշաճ գնահատականի մեր երկրում գործող օրենքով սահմանված մեխանիզմներով»,- ասաց Մանասյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին ի պատասխան՝ ՀՀ օմբուդսմենը կդատապարտի՞ տեղի ունեցածը, Մանասյանը նախ նշեց, որ գրավոր ձևով պաշտոնական պարզաբանումներ են պահանջել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետք է կարողանան լսել բոլոր կողմերին, ապա հավելեց. «Եթե չներկայացվեն առանձնահատուկ տվյալներ և պարզաբանումներ, որոնք կարող են հակառակի մասին վկայել, ես ճիշտ չեմ համարում կնոջը հնարավորություն չտալը՝ փոխելու տնային հագուստը, որը, ըստ նրա, օգտագործվում է նաև որպես գիշերազգեստ, նաև հողաթափերը [փոխել], և այդ ձևաչափով տեղափոխել համապատասխան վայր: Ամեն մեկս ունի խոսելու իր ոճը, բնականաբար, եթե ասում եմ՝ ճիշտ չէ, նշանակում է՝ մտահոգված եմ և դատապարտում եմ»:
Հիշեցնենք՝ ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը անդրադարձել էր փաստաբան Զարուհի Փոստանջյանի հրապարակմանը, թե, իբր, Գյումրիում «ոստիկանները խոշտանգել և նվաստացնող վերաբերմունք են ցուցաբերել ձերբակալվածի նկատմամբ»: Ըստ ՆԳՆ-ի հայտարարության՝ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, իր հերթին, հայտարարել էր, որ լրագրող Լիլիթ Աղեկյանն առաջին անգամ չէ, որ հանցանք է կատարել, և որ նրա վերաբերյալ բազմաթիվ քրեական վարույթներ են առկա թե՛ դատարանում, թե՛ նախաքննության փուլում: