Գործադիրի այսօրվա նիստում հաստատվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2025-2026 ուստարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը:
Մասնավորապես՝ Կառավարության որոշմամբ նախատեսվում է 2025-2026 ուստարում բնական գիտություններ բնագավառի մասնագիտություններին հատկացնել 220 տեղ՝ ընդհանուր հատկացված տեղերի 20.8 %-ը, տեխնիկական գիտություններին՝ 221 տեղ՝ ընդհանուր տեղերի 20.9 %-ը, գյուղատնտեսական գիտություններին՝ 94 տեղ՝ ընդհանուր տեղերի 8.9 %-ը (ընդամենը՝ 50,6%):
2025-2026 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելությանը հատկացվել է 1271 տեղ։ Պահուստային տեղերի քանակը 7-ն է, որոնք, ըստ անհրաժեշտության, կբաշխվեն ընդունելության մրցույթի արդյունքում հավասար միջին որակական գնահատական (ՄՈԳ) հավաքած կամ ԲՏՃՄ մասնագիտություններով առավելագույն միավորներ ունեցող դիմորդներին:
Որոշմամբ մագիստրատուրայի 2025-2026 ուստարվա ընդունելության անվճար տեղերի ցանկը լրացվել է նոր կրթական ծրագրերով՝ ըստ ներքոնշյալ մասանագիտությունների.
-
«Ֆիզիկա» մասնագիտության համար՝ «Տեսական ֆիզիկա», «Օպտիկա» և «Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկա».
-
«Աշխարհագրություն» մասնագիտության համար՝ «Ջրաօդերևութաբանություն».
-
«Միջազգային հարաբերություններ» մասնագիտության համար՝ «Ցեղասպանագիտություն».
-
«Զբոսաշրջություն» մասնագիտության համար՝ «Կրոնական զբոսաշրջություն».
-
«Իրավական ուսումնասիրություններ» մասնագիտության համար՝ «Միջազգային իրավունք».
-
«Մետալուրգիա» մասնագիտության համար նույնանուն կրթական ծրագիրը.
-
«Գեոմատիկա» մասնագիտության համար՝ «Գեոդեզիա և կադաստր».
-
«Շինարարական ճարտարագիտություն» մասնագիտության համար՝ «Ջերմագազամատակարարում և օդափոխություն», «Ավտոճանապարհներ, կամուրջներ, թունելներ».
-
«Հոգեբանություն» մասնագիտության համար՝ «Գործնական հոգեբանություն».
-
«Իրավագիտություն» մասնագիտության համար՝ «Քրեական իրավունք և դատավարություն», «Գործարարական իրավունք».
-
«Քաղաքագիտություն» մասնագիտության համար՝ «Ազգային անվտանգություն», «Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն».
-
«Տեղեկատվական համակարգեր» մասնագիտության համար՝ նույնանուն կրթական ծրագիրը.
-
«Կենսաբանություն» մասնագիտության համար՝ «Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն»: