Մենք հարյուրավոր դպրոցներում տնօրենի թափուր պաշտոններ ունենք, և դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ԿԳՄՍՆ-ն, Կառավարությունը հանդես են եկել նախաձեռնություններով, որոնք բարձրացրել են տնօրենների նկատմամբ չափորոշիչները, ներդրվել են նաև դպրոցների զարգացման ծրագրերի չափանիշներ: Այդ մասին Ազգային ժողովի՝ մայիսի 7-ի նիստին ««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
«Ընթացակարգն այնպիսին է դարձել, որ լավագույն կադրերին կարողանանք ընտրել դպրոցների տնօրեններ, որոնք զբաղվելու են մեր բալիկներին կրթելով և կրթական ոլորտի կառավարման գործունեությամբ»,- ասաց նա:
Հակոբ Արշակյանը պարզաբանեց՝ առաջարկվող փոփոխությունը հնարավորություն կտա վերջին 10 տարիներին առնվազն 5 տարվա կառավարման փորձ ունեցող անձանց մասնակցել դպրոցի տնօրենի հավաստագրման գործընթացին, որը մինչ այժմ հնարավոր չէր:
Խոսքն ուղղելով կառավարման ոլորտի ներկայացուցիչներին, որոնք տարբեր ոլորտներում, այդ թվում՝ մասնավոր ոլորտում, ղեկավար պաշտոններ են զբաղեցրել, ԱԺ փոխնախագահը հայտարարեց. «Ցանկանում եմ դիմել մեր բոլոր հայրենակիցներին, որոնք նման փորձառություն ունեն, որ դիմեն այս հավաստագրման գործընթացին, մասնակցեն հետագայում նաև տնօրենի թափուր տեղերի մրցույթներին և իրենց ջանքն ու եռանդը ներդնեն հենց այս կարևորագույն գործում: Կարծում եմ՝ սա կբերի բեկումնային փոփոխությունների տվյալ ոլորտում»:
Նշենք, որ նախագծով առաջարկվում է նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական ուսհաստատությունների ղեկավարման հավաստագիր ստանալու համար մեկ միասնական ընթացակարգ սահմանել: Ըստ այդմ՝ ուսհաստատության հավաստագիր ստանալու համար կարող են դիմել այն անձինք, որոնք ունեն բարձրագույն կրթություն, վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կառավարման ոլորտի առնվազն 5 ու կրթության կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ: