Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարային 2 շենքերում խնդրահարույց 5 ընտանիք կա, որոնց հարցը դեռ լուծված չէ: Բանակցությունները վկայում են, որ գերակա շահի որոշման ճանապարհով գնալը հարցը տեղափոխելու է այլ դաշտ՝ դատարան: Այս իրավիճակը հաշվի առնելով՝ առաջարկվում է ևս մեկ անգամ փորձել բանակցային եղանակով բնակիչների հետ հարցերը կարգավորել: Այլընտրանքի բացակայության դեպքում Երևանի քաղաքապետարանը հանդես կգա գերակա շահի նախաձեռնությամբ: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Նաև զեկուցվեց, որ 60 ընտանիք 4-րդ կարգի վթարային 2 շենքերից արդեն իսկ տեղափոխվել է կա՛մ մեկ այլ բնակարան, կա՛մ ստացել է բնակարանի գնման վկայական: Խոսքը հանրակացարանային շենքերի մասին է, որոնք փլվում են: Երևանի քաղաքապետարանը 18 քառակուսի մետր տարածքի դիմաց առաջարկում է 1 սենյականոց բնակարան, բայց կա 5 ընտանիք, որը չի ընդունում առաջարկը:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Միգուցե պետք է չտա՞լ այդ մարդուն ոչ մի բան: Իսկ ինչո՞ւ ենք մեր կյանքը շատ բարդացնում, եկեք հասկանանք՝ որ հատվածներն են: Սա մեր բարի կամքի դրսևորումն է, հարգելինե՛րս, Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքերում մնացած 5 բնակարանների սիրելի՛ բնակիչներ («բնակարան» ասվածը բարձրագոչ է), հարգելինե՛րս, Երևանի քաղաքապետարանն իր բարի կամքի դրսևորմամբ որոշել է այս խնդիրը լուծել և լուծել է մոտ 60 ընտանիքի հարց: Եթե 5-ի դեպքում իրավական խնդիրների ենք բախվում, և մարդիկ չեն համաձայնում, կարող է պետք չէ՞ ստիպել մարդկանց: Եթե ուզում են ապրել շենքում, որտեղ տանիքը մի օր պիտի փլվի, ի՞նչ անենք, հո չե՞նք գնալու, քարշ տանք, հանենք այնտեղից: Ու սա Երևանի քաղաքապետարանի որևէ պարտականության, որևէ լիազորության մեջ չի մտնում: Սա մեր բարի կամքի դրսևորումն է»,- ասաց Ավինյանը:
Քաղաքապետը նաև կարգադրեց՝ ոչ մի գերակա շահ, որտեղից բնակիչները դուրս են եկել, ազատել են բնակարանները, այնտեղ պետք է քանդել. «Կգնաք, «կպլոմբեք» մյուսները: Չլսեմ-չիմանամ, որ այն տեղերում, որտեղ մենք բնակարան ենք հանձնել, որևէ մեկը եկել է, քանդվող շենքն էլի մտել է»: