Քաջարան համայնքի Ձագիկավան բնակավայրում տեղի է ունեցել «Ապահով» Քաջարանի երեխաների զարգացման համալիր կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը:
Հանդիպմանը մասնակցել են Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը, Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, «Մարդը կարիքի մեջ», «Վիննեթ Գորիս» կազմակերպությունների ներկայացուցիչներ, կրթական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ծնողներ:

Կենտրոնը հիմնադրվել է «Ներառում Հայաստան» կրթական և սոցիալ-իրավական հասարակական կազմակերպության կողմից «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ», «Հայկական Կարիտաս» և «Վիննեթ Գորիս» կազմակերպությունների համագործակցությամբ, ինչպես նաև Քաջարանի համայնքապետարանի աջակցությամբ։
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ: Կենտրոնի շնորհիվ Քաջարան համայնքի 1,5 տարեկանից մինչև 18 տարեկան 35 երեխաներ այժմ ստանում են սոցիալ-հոգեբանական, սոցիալ-հուզական, վարքային և լոգոպեդական ծառայություններ: Կազմակերպիչները նաև դասընթացներ են անցկացնում ծնողական համայնքի համար:
Կենտրոնի մեկնարկը կարևոր իրադարձություն է համայնքում, քանի որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում այսօր կարիքահեն և համայնքահեն որակյալ սոցիալ-հոգեբանական և վարքային ծառայությունների ներդրումը առաջնային խնդիրներից մեկն է:

Քանի որ հետազոտությունները պնդում են, որ վաղ ախտորոշումը և վաղ միջամտությունը հատկապես մինչև 3 տարեկան հասակում հնարավորություն են տալիս զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներին հասնել զարգացման մաքսիմալ մակարդակին, հաջողությամբ ներառվել կրթական համակարգում և ապագայում դառնալ հասարակության լիարժեք անդամ: