Մենք նախորդ տարի 45 վարչական վարույթ ենք բացել, որը շատ-շատ է: Ամենաշատը 2021 թվականին է եղել՝ կապված և՛ պատերազմի հետ, և՛ չարաշահումների, և՛ հետպատերազմական զարգացումների: 85 էր 2021 թվականին: Այդ մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ ներկայացնելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի՝ 2024 թվականի գործունեության և տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը:
«2011 թվականից, երբ հանրային մուլտիպլեքսի լիցենզիաներ տրվեցին մինչև 2018 թվականը, 7 տարվա ընթացքում ընդամենը 15 վարույթ է բացել հանձնաժողովը: Հիմա 1 տարում 3 անգամ ավելի է բացում, քան 7 տարվա մեջ: Այդ 45-ից 42 վարչական վարույթները հարուցվել են սեփական նախաձեռնությամբ: Այսինքն՝ ընդամենը 3-ն են բողոքների հիման վրա եղել:
Ստացվում է՝ եթե մենք վատ աշխատենք, չուզենանք աշխատել, հանգիստ լինենք, կպարզվի՝ Հայաստանում անդորր է, և բոլորն ամեն ինչի հետ համակերպված են: Եթե մենք ուզում ենք այս բացասական երևույթների դեմ պայքարել, մենք պետք է դրա դեմ միասնական պայքարենք՝ առանց երկակի ստանդարտների, առանց կուսակցական պատկանելության: Այդ միասնական պայքարը չկա»,- ասաց նա: