Ադրբեջանի բանակը կարող է սկսել «Վրեժ-3» գործողությունը մինչև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ հուլիսի 21-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը։ Ադրբեջանական պետական «Az Tv» հեռուստաընկերությամբ հեռարձակված հաղորդման վերնագիրն է: Յութուբյան հարթակում ներբեռնել են հուլիսի 3-ին:
Սաթենիկ Պետրոսյան («Օրբելի» վելուծական կենտրոնի փորձագետ) - Հղում է արվում Ալիևի խոսքերին, որ հայկական գյուղերը իրենց աչքի առջև են, այսինքն` բացահայտ սպառնալիք է, և լրագրողն էլ, ցիտելով նրան, նշում է, որ սա ոչ թե հիշեցում է, այլ զգուշացում:
Ադրբեջանի կառավարությունն ու ԶԼՄ-ները Լեռնային Ղարաբաղի Երկրորդ պատերազմի ավարտից հետո օգտագործել են «Վրեժ» վերնագրերը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների համար։
Նման մի ռեպորտաժ էլ հուլիսի 1-ին է ներբռնվել՝ կրկին նույն ուղերձներով: Նշվում է, որ Հայաստանը իր զորքերը իբր դուրս չի բերել Արցախից, և Երևանի՝ բանակցային սեղանի մոտ ասված խոսքերն ու գործողությունները չեն համապատասխանում:
Ի դեպ, AzTV-ն ուղիղ հեռարձակման ժամանակ հարցում է անցկացրել YouTube-ում՝ արդյոք պետք է ռազմական գործողություններ սկսել Արցախում։ 300 հարցվածների 83%-ը քվեարկել է ռազմական գործողությունների օգտին:
«Ադրբեջանի պետական հեռուստատեսությունը, որը ներկայումս հեռարձակում է լուրեր, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «բռնապետ է», առցանց հարցում է սկսել՝ տեսնելու, թե հեռուստադիտողները կողմ են, արդյոք, Լեռնային Ղարաբաղում նոր «օպերացիային». 83%-ն ասում է՝ այո». Բելգիայում լույս տեսնող «Պոլիտիկո» պարբերականի լրագրողի դիտարկումն է:
Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելն էլ մեկ այլ մտահոգիչ փաստի մասին է պատմում՝ Ադրբեջանում նախակրթարանում սովորղ երեխաներին էքսկուրսիա են տանում ռազմավարի պուրակ:
Ըստ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի` Ալիևի սպառնալիքների նոր ալիքը կարող է անդառնալի զարգացումների հանգեցնել: Սաֆարյանը կարծում է՝ պետական հեռուստաընկերությամբ այսպիսի քարոզչության հասցեատերը նաև ներքին լսարանն է:
Ստյոպա Սաֆարյան (քաղաքագետ) - Ալիևին պետք է նաև հանրային համերաշխություն այդ նպատակի համար:
Ըստ քաղաքագետի` դեռ նախորդ տարվա օգոստոսից է Ադրբեջանն ակտիվացրել էթնիկ զտմանն ուղղված քայլերը, երբ, առանց Հայաստանի հետ համաձայնեցման, մեկնարկել էին Լաչինը շրջանցող միջանցքի շինաշխատանքները: Այլընտրանքային ճանապարհի համար նախապես այլ ժամկետ էր քննարկվել:
Ստյոպա Սաֆարյան - Օգոստոսին Լաչինի միջանցքի ճանապարհի փոփոխությունն էր, հետո` «էկոակտիվիստների» ձեռքերով Լաչինի փակումը, հետո արդեն Հակարիի գետի վրա անցակետ դնելը:
Արցախի փակված հանքի համար մտահոգ Լաչինի էկոակտիվիստներին արդեն Հակարի կամրջի վրա փոխարինեց անցակետը: Այդ ընթացքում խճճվելով սեփական ստերի մեջ` նաև հայտարարեցին՝ 7 ամիս շրջափակման պայմաններում, հայերն, իբր, ականներ են տեղափոխում: Հիմա էլ հայտարարում են՝ Հայաստանից զնիվորներ կան Արցախում:
Էթնիկ զտմանն ուղղված գործողություններ, անգամ ուժի միջոցով, Արդրբեջանն ավելի վաղ կաներ, եթե չլիներ միջազգային ճնշումը՝ դատարանների որոշումներից մինչև խորհրդարանների ընդունված բանաձևեր և բանակցային սեղանի շուրջ ձեռք բերված համաձայնություններ, կարծում է Սաֆարյանը: Եթե չլինեն բանակցությունները, Ադրբեջանի ձեռքերն ավելի ազատ կլինեն. հաճախակի դարձած սադրանքները նաև այդ նպատակն ունեն:
Ստյոպա Սաֆարյան - Նրա հաշվարկով` միջանցքի փակ լինելու պայմաններում արցախցիները զարտուղի ճանապարհներ կգտնեին հեռանալու, բայց դա տեղի չի ունենում, դրա համար մի քանի երանգ մգացնում է սարսափեցումը:
Ադրբեջանի կողմից օղակի սեղմումը ոչ միայն տարածքի հայաթափման նպատակ ունի, այլև դժգոհությունների աճի, որ հայ ազգը ռուս խաղաղապահներին հանման խնդիր դնի:
120.000 հայի էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի կեղծ լուրերին ու սադրիչ գործողություններին Հայաստանի արտաքին գերատեսչությունն է արձագանքել, դատապարտել վրեժի քարոզչությունը ու շեշտել՝ Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության մասին խոսելու փոխարեն, շարունակում է էթնիկ զտումների իր ագրեսիվ քարոզչությունը: Հայաստանի ԱԳՆ-ն թշնամանքի այս բացահայտ դրսևորումը միջազգայնորեն դատապարտելու կոչ է հնչեցրել:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան