Հայ-ֆրանսիական բազմակողմ գործակցության հերթական արդյունքը: Ֆրանս-հայկական մասնագիտական կենտրոնում Հրուշակագործության լաբորատորիա բացվեց: Հանդիսավոր արարողությանը ներկա էր Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահի գլխավորած պատվիրակությունը:
Քրիստիան Դրոզ (Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ) - Ուզում ենք կրթության ոլորտում ավելի ամրապնդել հայ-ֆրանսիական կապերը, ներդրում ունենալ այս գործում: Մեր նպատակն է, որ հայ երիտասարդներն այնպիսի մասնագիտություններ ունենան, որն իրենց հնարավորություն կտա գտնել իրենց տեղը:
Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը եվրոպական չափանիշներին համապատասխանող կրթական հաստատություն է: Ներկայում այստեղ 250 ուսանող կա, սովորում են խոհարարություն, վարսավիրություն, դերձակություն, ատամնատեխնիկական գործ:
Լաբորատորիաները և արհեստանոցները հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով: Կենտրոնը նաև ընդլայնման և զարգացման ծրագրեր ունի՝ դասասենյակների կահավորում, նոր մասնագիտությունների դասավանդում, նաև՝ մասնաշենքի վերանորոգում:
Լևոն Հովհաննիսյան (Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար) - Երկու շաբաթ հետո սպասվում է Լիոնի քաղաքապետի այցը Երևան, ինչի շրջանակում նաև` այս կենտրոնի հետագա զարգացման հետ կապված կոնկրետ համաձայնություններ, և հետագա մեր ռազմավարությունը կընդունվի:
Կենտրոնի դասախոսներին վերապատրաստում են ֆրանսիացի մասնագետները, ծանոթացնում եվրոպական կրթության վերջին զարգացումներին. նաև ուսանողների համար են դասեր անցկացնում: Ուսանողներն էլ իրենց դասավանդողների հետ Ֆրանսիայում երբեմն վերապատրաստում են անցնում:
Արաքսիա Սվաջյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Եթե մենք ձգտում ենք միջազգային ստանդարտներին համապատասխան կրթություն ապահովել, իսկ դա մեր կարևոր թիրախներից մեկն է, ապա սա շատ լավ հնարավորություն է` հասկանալու, թե եվրոպական զարգացած երկրներում ինչպես է կազմակերպվում այդ մասնագիտությունների գծով ուսումնառությունը, և փորձելու մեր երկրում ևս սա ներդնել:
Կենտրոնի պատասխանատուները վստահեցնում են՝ իրենց շրջանավարտների մեծ մասն իր տեղը գտնում է աշխատաշուկայում:
Հեղինակ` Լիանա Խաչատուրյան