2022-ին ժամանակավոր, մշտական և հատուկ կարգավիճակ ստացած օտարերկրացիների ընդհանուր թիվը 18.000 է եղել: Նրանցից մշտական կացության կարգավիճակ ստացել են 3300-ը, ժամանակավոր, այսինքն` 1 տարով՝ 12800-ը: «Լուրերի» նկարահանման ընթացքում նման դիմում գրում է նաև Մանիս Սենին, Հնդկաստանից է:
Մանիս Սենի - Բժշկական ինստիտուտում եմ սովորում, ուսման հիմքով եմ դիմել կացության կարգավիճակ ստանալու համար: Դեռ 3 տարի սովորելու եմ:
Ուսում, ընտանիքի համալրում, ձեռնարկատիրություն, աշխատանք: Ժամանակավոր կացություն տրամադրելու համար հիմքերն են, գերակշռողը, սակայն, աշխատանքն է:
Նելլի Դավթյան (ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու) - Կազմել է մոտ 8000: Այստեղ, իհարկե, ներառված են և՛ ԵԱՏՄ քաղաքացիները, և՛ ոչ ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացի հանդիսացող քաղաքացիները:
Առաջին տեղում` ՌԴ, Իրան, հետո` Հնդկաստան: Նաև Չինաստան, Ֆիլիպիններ, Կուբա, ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Բրազիլիա, Շրի Լանկա, Գանա, ընդհանուր 54 երկրից՝ բոլոր մայրցամաքներից: Աշխատանքի ամենապոպուլյար ոլորտներն էլ տեղեկատվական տեխնոլոգիաներն ու սպասարկումն են: Ի դեպ, աշխատանքի հիմքով կացության կարգավիճակի տրամադրման գործընթացը 2022 թ. հունվարի 1-ից իրականացվում է առցանց, կրճատված ժամկետում և պարզեցված վարչարարությամբ: Օրակարգում է մյուս հիմքերով կացության կարգավիճակի թվայնացման գործընթացը:
ՀՀ քաղաքացու անձնագրերով սահմանահատումների մասին. տարբերությունը 2022-ին էլ է եղել բացասական, բայց 2 անգամ ավելի քիչ, քան 2021-ին էր:
Նելլի Դավթյան - ՀՀ քաղաքացիների պարագայում սահմանահատումների տարբերությունը կազմում է 28.000, այսինքն` այդքանով ավելի ՀՀ քաղաքացի դուրս է եկել, քան մտել երկիր, բայց դա էլ է լավ ցուցանիշ, քանի որ նախորդ տարի 73.000 էր:
2022-ը այս բարելավված ցուցանիշով, նաև՝ օտարերկրացիների սահմանահատումների մեծ թվով միգրացիոն սալդոյի առումով վերջին 30 տարում ռեկորդային է:
Նելլի Դավթյան - 2022-ին այդ դրական ցուցանիշը 38.000 էր, սա էլ, իհարկե, ազդեցություն կրած թիվ է, խոսքը հատկապես Ռուսաստանի քաղաքացիների դեպքում գրանցված արդյունքի մասին է` 66.000-ը՝ օտարերկրացիներ, 65.000-ը` ՌԴ քաղաքացիներ:
Տարին դրական է եղել ոչ միայն սահմանահատումների առումով: 2 հետազոտության միջոցով պարզվել է՝ 2022-ին Հայաստան եկած և մեկ տարուց ավելի բնակություն հաստատած միգրանտների թիվը ավելացել է 5900-ով, ինչը ևս վերջին 30 տարվա կտրվածքով ամենադրական ցուցանիշն է:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան