Վարչապետի աշխատակազմի 2022 թվականի հաշվետվությունը ներկայացնելիս շեշտվել է՝ տարվա ընթացքում քաղաքացիներից ստացվել է մոտ 7900 դիմում. ընդհանուր առմամբ՝ 2020-2022 թթ. այդ ցուցանիշը գերազանցել է 20 000-ը: Զեկուցվել է դիմումների քննարկման, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման աշխատանքների մասին:
Ներկայացվել են «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի իրականացրած միջոցառումները, այդ թվում՝ «Կառավարության խոսնակների դպրոց» ծրագիրը, որի շրջանակում վերապատրաստվել է 25 մասնագետ: Հաշվետու տարում կրճատվել է ծառայողական տրանսպորտային միջոցների թիվը՝ հասնելով 40-ի: Գործընթացը շարունակական է:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ 2022 թ. մեր երկրում կազմակերպվել և անցկացվել են միջազգային միջոցառումներ, այդ թվում՝ Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, «Մանկական Եվրատեսիլ»-ը, «STARMUS» գիտության և արվեստի միջազգային 6-րդ փառատոնը: Մեկնարկել է Երևանի Բուսաբանական այգու տարածքում «Կյանքի պուրակ»-ի կառուցման գործընթացը: Այժմ էլ ակտիվ ընթանում են 2023 թ. ապրիլի 10-23-ը Երևանում կայանալիք՝ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները:
Արայիկ Հարությունյանն անդրադարձել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության 2022-2024 թթ. 5-րդ ազգային ծրագրին: Նա նշել է, որ ծրագիրը մշակվել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ սերտ գործակցությամբ, այն կազմված է 10 հանձնառությունից և աջակցում է կառավարության 21-26 թթ. ծրագրի մի շարք բարեփոխումներին:
Վարչապետը կարևորել է աշխատակազմում մասնագիտական բարձր որակավորմամբ կադրերի ներգրավման հարցը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նաև ուշադրության կենտրոնում պահել իր հանձնարարականների կատարման որակի, բովանդակության նկատմամբ վերահսկողությունը: Քննարկումից հետո վարչապետը տվել է կոնկրետ հանձնարարականներ:
Հեղինակ՝ Աննա Զախարյան