Պահեստազորայինների վարժական հավաքների տևողությունն այս տարի կրճատվեց` 3 ամսվա փոխարեն դառնալով 25 օր, շուտով էլ մասնակցիների վճարը կլինի ըստ աշխատավարձի, որպեսզի քաղաքացին ու նրա ընտանիքը վարժանքներին մասնակցելու հետևանքով չունենան հավելյալ ֆինանսական բեռ և դրանից բխող այլ խնդիրներ՝ վճարների, վարկերի տեսքով:
Ռուբեն Սարգսյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Հիմնական աշխատավայրից երբ որ մեկնում էին, եկամուտը կորցնում էին, տուժում էր ընտանիքը, ճիշտ է` ըստ հաստիքների` ՊՆ-ից ստանում էին գումար, բայց դա հաճախ չէր ծածկում ընդհանուր եկամուտը:
Վարժանքներին մասնակցող քաղաքացիների հիմնական բարձրացրած խնդիրներից է սա՝ ընդգծում է Սոցապ փոխնախարարը:
Այսինքն` եթե գործող կարգավորմամբ սահմանված է, որ գործատուն պարտավորվում է պահպանել վարժական հավաքին մասնակցողի աշխատատեղն ու պաշտոնը, ապա նոր փոփոխությամբ կսահմանվի նաև աշխատավարձի տրամադրման նվազագույն շեմ՝ այն հաշվարկով, որ վարժանքներին մասնակցության համար ստացած վճարի և աշխատատեղից ստացածի գումարը հավասար լինի հիմնական աշխատավարձին:
Ռուբեն Սարգսյան - Սահմանում ենք հստակ երաշխիք, չենք սահմանափակում, եթե կուզի, ամբողջությամբ կարող է վճարել, բոլոր դեպքերում մասնակիցը նյութական վնաս չի կրելու: 200 000 եմ ստանում, ըստ կարգավորումների` պետք է ստանամ 50 000 դրամ, գործատուի համար նվազագույն շեմը ստացվում է 150 000 դրամ:
Եթե համատեղության կարգով մասնակիցը 2 կամ 3 գործատու ունի, ապա աշխատավարձի ու ՊՆ-ից ստացած գումարի տարբերությունը վճարելու են բոլոր գործատուները՝ ըստ իրենց մոտից ստացած աշխատավարձի համամասնության:
Սարգսյանը շեշտում է՝ այս օրենքը վերաբերում է բացառապես այն քաղաքացիներին, որոնք աշխատանքային պայմանագիր ունեն:
Ծառայություն մատուցման պայմանագրով աշխատողներն էլ փոքր թիվ չեն կազմում, ինչ մեխանիզմներով կկարողանան կարգավորել խնդիրն այդ դեպքում՝ դեռ քննարկումները շարունակվում են, մանրամասնում է Սարգսյանը: Ինչ վերաբերում է օրավարձով աշխատողներին, ապա այս դեպքում էլ կվճարվեն, եթե առկա է աշխատանքային պայմանագիր:
Ռուբեն Սարգսյան - Գործավարձի պարագայում օրական հաշվարկվում է` ինչքան պիտի ստանար, հանվում է ՊՆ-ի տրամադրած գումարը ու տրամադրվում:
Ապրիլի առաջին կեսին նախատեսվում է նոր նախագծի քննարկումն արդեն Ազգային ժողովում: Նախարարությունից ասում են` գուցե լինեն խմբագրական փոփոխություններ, բայց սկզբունքը նույնն է մնալու:
Ապրիլի 15-ից 2 ամիս ժամկետով կմեկնարկեն նաև Պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքները: Նախատեսված է այդ հավաքներին մինչև 953 քաղաքացու մասնակցություն։
Հեղինակ` Իրինա Մկրտչյան