Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը խորհրդարանական այսօրվա ճեպազրույցների հիմնական թեման էր: Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այս պահին պայմանագրի կնքման հնարավորություն չի տեսնում: Պատգամավորի համոզմամբ՝ Ադրբեջանը Հայաստանի հետ միայն մեկ դեպքում կստորագրի այդ փաստաթուղթը.
Տիգրան Աբրահամյան (ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար) - Եթե Հայաստանն ամբողջությամբ հրաժարվի դիմադրելու իր հնարավորությունից, այսինքն՝ համաձայնի Ադրբեջանի ծավալապաշտական մոտեցումներին:
Խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավարն էլ կարծում է, որ խաղաղության պետք է գնալ արժանապատիվ կեցվածքով: Սեյրան Օհանյանն այս համատեքստում հիշեցրեց Ադրբեջանի՝ Հայաստանին ուղղված պարբերական սպառնալիքները, պատերազմով վախեցնելը:
Սեյրան Օհանյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար) - Խաղաղության գնում են այն պայմաններում, երբ հակամարտող պետությունները պայմանավորվել են միմյանց հետ դառնալ հարևան պետություններ՝ խաղաղ համակեցության պատրաստակամությամբ ապրելու: Արդյոք այս իրավիճակում Ադրբեջանի գործողությունները խոսո՞ւմ են այն մասին, որ նրանք կարող են խաղաղ համակեցությամբ ապրել Հայաստանի Հանրապետության հետ:
Կառավարող քաղաքական ուժը, իր հերթին, վերահաստատեց՝ խաղաղության պայմանագրով պետք է ապահովվեն Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը և անվտանգությունը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը չհերքեց՝ Ադրբեջանն ապակառուցողական քաղաքականություն է վարում, բայց չհամաձայնեց, թե խաղաղության պայմանագրի գործընթացը փակուղում է:
Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ ամեն ինչ արվում է դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա ճնշումը մեծացնելու համար:
Արթուր Հովհաննիսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար) - Որևէ մեկը երբեք չի ասել, որ մենք հեշտ ճանապարհ ենք անցնելու, բարդ իրավիճակում ենք գտնվում, տարածաշրջանը բավականին բարդ իրողությունների առաջ է կանգնած։ Եթե շարժվենք նրանով, որ մեր մի առաջարկը Ադրբեջանը մերժեց, ուրեմն դա փակուղի է և վերջ, մենք երբեք առաջ չենք շարժվի և խաղաղության գործընթացը կձախողենք:
Խաղաղության պայմանագիրը դեռ չի ստորագրվում, քանի որ երկու երկրի միջև պարբերաբար փոխանակվող փաստաթղթում կան կետեր, որոնք Հայաստանի համար անընդունելի են, նշեց Արթուր Հովհաննիսյանը, հավելեց՝ բանակցությունները շարունակվելու են մինչև ընդհանուր եզրեր գտնելը:
Հեղինակ` Անի Օհանյան