2022 թ. հունվարի 1-ից զգալիորեն ավելացել է գիտաշխատողների աշխատավարձը՝ Կառավարության հաստատած 2022-2025 թթ. բազային ֆինանսավորման ծրագրերում ընդգրկված գիտական կադրերի ատեստավորման գործընթացի արդյունքներով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել Գիտության և Բարձրագույն որակավորման կոմիտեների 2022 թ. գործունեության հաշվետվությունները: Նախորդ տարի հայտարարվել է գիտաշխատողների որակավորման բարձրացմանը և երիտասարդ կադրերի ներգրավմանը միտված 4 մրցույթ: Առաջին անգամ կազմակերպված «Հայաստանի գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր» միջազգային մրցույթի արդյունքում ֆինանսավորվել է արտերկրից Հայաստան տեղափոխված 5 գիտնական՝ 60 ամիս տևողությամբ, յուրաքանչյուրը՝ 175 մլն դրամ: 4 մրցույթով ընտրված 86 ծրագրից 69-ի ղեկավարները մինչև 35 տարեկան գիտնականներ են, ծրագրերում ներգրավված 286 անձից 211-ը երիտասարդներ են։
Վարչապետ Փաշինյանը կարևոր է համարել գիտաշխատողների ատեստավորման և արդյունքում՝ աշխատավարձերի բարձրացման մեխանիզմի գործարկումը, ինչը կխթանի ոլորտի զարգացումը: Արձագանքելով՝ Գիտության կոմիտեի նախագահը հայտնել է, որ 2010 թ. ի վեր գիտաշխատողների աշխատավարձերի նորմավորում չի եղել, և ատեստավորման ու դրան համարժեք՝ աշխատավարձի բարձրացման գործընթացը լինելու է շարունակական: Վարչապետն անդրադարձել է նաև գիտաշխատողների որակավորման բարձրացման ու երիտասարդ կադրերի ներգրավման ծրագրերին, նշել՝ պետք է աշխատել Հայաստանում գիտությամբ զբաղվելու պայմանների զարգացման և գիտական ենթակառուցվածքի գրավչության բարձրացման ուղղությամբ:
Վարչապետին զեկուցվել է, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի 2022 թ. գործունեությունն ուղղված է եղել համակարգի բարելավմանը: Նախաձեռնվել է գիտական կոչումների շնորհման կարգի փոփոխություն, մշակվել է գիտական աստիճանաշնորհման նոր կանոնակարգի նախագիծ, ձեռնարկվել են ասպիրանտական կրթության իրավական դաշտի բարելավմանը և գիտական պարբերականների որակի վերահսկմանը միտված քայլեր: Ընթացքի մեջ է գրագողության դեմ պայքարի համակարգչային նոր ծրագրի ներդրման աշխատանքը: Շնորհվել է գիտությունների թեկնածուի 166 վկայագիր, դոցենտի կոչման 86 դիպլոմ, գիտությունների դոկտորի 10 վկայագիր և պրոֆեսորի կոչման 18 դիպլոմ։
Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի արդյունքում՝ 15 գիտական կազմակերպության տրամադրվել է 2 մլրդ 933 մլն դրամ: 2022 թ. փետրվարից ուժի մեջ է մտել «ՀՀ և ԵՄ միջև «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարությունների շրջանակային ծրագրին Հայաստանի մասնակցության մասին» համաձայնագիրը: «Ծրագրի շրջանակում 2021-2022 թթ. հայկական կազմակերպությունները ներգրավել են 2,5 մլն եվրոյից ավելի դրամաշնորհային միջոցներ:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան