Արդիականանցել երկրի տեխնոլոգիական ենթակառուցվածքները, պետական ու մասնավոր հատվածներում ներդնել ամպային կամ առավել հայտնի՝ քլաուդ ծառայությունները: Այս նպատակների իրականացման համար Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել համաշխարհային տեխնոլոգիական հսկաների շարքին դասվող «Ամազոն վեբ սերվիսի» հետ: Թվային հարթակները զարգացնելու համար արդիականացվում է նաև օրենսդրական դաշտը, այս գործում ևս աջակցում են գործընկերները:
Գևորգ Մանթաշյան (ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ) - Հայաստանի թվայնացման ռազմավարության մեր նպատակների մեջ ներառվում էին նաև թվային տնտեսության արդիականացման և վերափոխման աշխատանքներ, էդ աշխատանքները մենք պատկերացնում ենք համագործակցության ձևաչափով: Եվ համաշխարհային առաջատար կազմակերպությունները, ինչպիսին օրինակ AWC-ն էր, մեզ համար դիտվեցին որպես նախընտրելի գործընկեր:
Նախարարությունում նաև առանձնակի կարևոր են համարում տեղի մասնագետների համար ավելի մրցունակ միջավայրի ստեղծումը, իսկ նման գլոբալ ընկերության հետ հուշագրի կնքումը այս նպատակին միտված մեծ քայլ է:
Քեմերոն Բրուքս (AWS-ի գլոբալ հանրային հատվածի նախագահ) - Հայաստանի և «Ամազոն վեբ սերվիսի» գործակցությունը Հայաստանի՝ որպես տարածաշրջանային առաջատար տեխնոլոգիական կենտրոնի դիրքերը ամրապնդելու եզակի հնարավորություն է:
Համաձայնագիրը նախատեսում է կրթական նախաձեռնությունների լայն շրջանակ: Բացի դրանից՝ հայկական տեխնոլոգիական ստարտափների և փոքր բիզնեսի համար ամպային ծառայությունները պարզեցնելու ուղղությամբ ենք աշխատում:
Այս աշխատանքի շնորհիվ մեր մասնագետները հնարավորություն կունենան դառնալու «Ամազոն վեբ սերվիսի» գլոբալ համայնքի մասնիկը: Հայկական տեխնոլոգիական ընկերություններն այս գործակցությունից մեծ սպասումներ ունեն:
Աշոտ Վարդանյան (Unum ընկերության հիմնադիր) - Մեր ընկերությունում էս վերջին տարիների ընթացքում մենք շարունակ աշխատել ենք տարբեր ամպային ծառայությունների հետ, ու քանի որ էս վերջին 10-15 տարի է՝ մենք արհեստական բանականության ոլորտի մեջ ենք ու փորձում ենք ինֆրաստրուկտուրան էլ ավելի լավացնենք, շատ երկար ճանապարհ ենք տեսնում «Ամազոն վեբ սերվիսի» և մնացած ամպային ծառայությունների հետ համագործակցելու մեջ:
Գործակցությունից հայկական կողմն ակնկալում է ինչպես տնտեսական աճ, այնպես էլ նորարարության զարգացում ու հանրային ծառայությունների մատուցման բարելավում:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան