Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել է Պետական վերահսկողական ծառայության 2022 թ. գործունեության հաշվետվությունը: ՊՎԾ ղեկավարը և նրա տեղակալները տեղեկատվություն են ներկայացրել 2022 թ. իրավական ապահովման և օրինականության, պետաիրավական, տնտեսական, սոցիալական, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, գնումների գործընթացների, ստուգումների, ինչպես նաև ռիսկերի գնահատման և վերլուծության ոլորտներում իրականացված 43 ուսումնասիրությունների և 201 մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ:
Նշվել է, որ ՊՎԾ իրականացրած վերահսկողական միջոցառումների արդյունքներով նախաձեռնվել է 77 քրեական վարույթ: Զեկուցվել է, որ արձանագրված խախտումների հանրագումարը կազմել է շուրջ 38.2 մլրդ դրամ, որից պետական բյուջե է վերականգնվել 120.7 մլն դրամ, քաղաքացուն է վերադարձվել 13.7 մլն դրամ, մնացած մասով քրեական վարույթներն ընթացքի մեջ են:
Համակարգում իրականացվել են կառուցվածքային փոփոխություններ, որոնք թույլ կտան վերահսկողություն իրականացնել նաև հարկային, մաքսային և տեսչական ոլորտներում:
Մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխության նախագիծը, որն արդեն ներկայացվել է հանրային քննարկման:
Քննարկման առարկա են դարձել Պետական վերահսկողական ծառայության գործունեությանը վերաբերող հարցեր և հետագա անելիքները: Վարչապետին մանրամասներ են ներկայացվել «ՊՎԾ մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների, արձանագրված խախտումների վերացման, վերահսկողության գործիքակազմի ընդլայնման, կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ: Անդրադարձ է եղել նաև պետական ծրագրերի արդյունավետության նկատմամբ վերահսկողության հարցին:
Վարչապետը կարևորել է ոլորտի շարունակական բարեփոխումները և վերահսկողական միջոցառումների արդյունքում արձանագրված խախտումների վերացման, վեր հանված խնդիրների լուծման ուղղությամբ հետևողական աշխատանքը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է համակարգային մոտեցման և միջգերատեսչական ակտիվ գործակցության անհրաժեշտությունը:
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան