ՀԱՅՏՆԻ Է ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ
Հայտնի է Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուի անունը: Էրդողանի գլխավոր մրցակիցը կլինի Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն: Այս մասին հայտնել է ազգայնական ընդդիմադիր «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները՝ նշելով, որ Քըլըչդարօղլուի թեկնածությանն աջակցել է ընդդիմադիր «Ժողովրդական դաշինք»-ի 6 կուսակցությունից 5-ը: Աքշեների ղեկավարած «Լավ» կուսակցությունը, սակայն, դեմ է եղել: Նրա քաղաքական ուժը նախագահի պաշտոնում ցանկանում է տեղնել Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշին կամ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին:
«Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ հենց Մանսուր Յավաշն ու Էքրեմ Իմամօղլուն իրական մրցակցություն կստեղծեն»,- շեշտել է Աքշեները:
Ընդդիմադիր պաշտոնյան չի բացառել, որ «Լավ» կուսակցությունը կարող է դուրս գալ «Ժողովրդական դաշինք»-ից, քանի որ, նրա խոսքով, այն այլևս չի արտահայտում ժողովրդի կամքը։
ՈՒԿՐԱԻՆԱՆ ԻՐԱՆԻ ԴԵՄ ԲՈՂՈՔ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ
Ուկրաինան Իրանի դեմ բողոք կներկայացնի Միջազգային քրեական դատարան՝ հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը։
«Կիևը պնդելու է, որ դատարանն ուսումնասիրի Իրանից Ռուսաստան անօդաչու սարքերի մատակարարման հարցը, որոնք Մոսկվան օգտագործել է Ուկրաինայի էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակվելու համար»,- ասել է Շմիհալը։
Հիշեցնենք, որ Ուկրաինան բազմիցս մեղադրել է Իրանին ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Մոսկվային ռազմական օգնություն ցուցաբերելու համար։ Պաշտոնական Թեհրանը հերքում է այդ մեղադրանքները։ Իրանի արտգործնախարարը հայտարարել է՝ Ռուսաստան անօդաչուներ են ուղարկել մինչև պատերազմը: Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն հավելել է՝ 4 ամիս է՝ սպասում են, որ ուկրաինական կողմը համապատասխան փաստեր ներկայացնի:
ԱԷՄԳ ՏՆՕՐԵՆԸ ՄԵԿՆԵԼ Է ԻՐԱՆ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսին մեկնել է Թեհրան: Նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ իրանցի պաշտոնյաների հետ:
Գրոսիի այցը տեղի է ունենում հայտարարությունների ֆոնին, որ Թեհրանին հաջողվել է ուրանի հարստացման ծավալները հասցնել 84 տոկոսի՝ մոտենալով միջուկային զենքի ստեղծմանը։ Իրանական կողմը հերքում է այդ պնդումները՝ նշելով՝ Իրանի միջուկային կենտրոններում ուրանի հարստացման մակարդակը չի գերազանցում 60 տոկոսը:
Ակնկալվում է, որ Գրոսին նաև կհանդիպի նախագահ Էբրահիմ Ռաjիսիի հետ՝ քննարկելու Իրանի միջուկային գործարքի շուրջ «երկխոսության վերսկսման հեռանկարը»։
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ. ԿԱՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ անցած բողոքի ակցիայի մասնակից տասնյակ ցուցարարներ են ձերբակալվել: Քաղաքացիներն իրենց բողոքն են հայտնել՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենսդրական նախաձեռության հետ կապված: Երեկ էլ ընդդիմադիր որոշ պատգամավորներ փորձել են տապալել օրինագծի քննարկումը, նրանց միջև ծեծկռտուք է սկսվել։
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը խորհրդարան է ներկայացրել ընդդիմադիր «Ժողովրդի ուժ» շարժումը: Իշխող «Վրացական երազանքը» աջակցում է նախագծին: Դրա համաձայն՝ առաջարկվում է ստեղծել ռեեստր այն հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների և սուբյեկտների համար, որոնք ֆինանսավորման ավելի քան 20 տոկոսը ստանում են արտերկրից: Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ օրինագիծը Վրաստանին շեղում է եվրաինտեգրման ճանապարհից և նպատակ ունի ճնշելու այլախոհությունը:
Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը կոչ է արել Վրաստանի կառավարությանը՝ լսել սեփական քաղաքացիների մտահոգությունները:
ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԳՐԵԹԵ ՇՐՋԱՓԱԿԵԼ ԵՆ ԲԱԽՄՈՒՏԸ. ՊՐԻԳՈԺԻՆ
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ ռուսական ուժերը գրեթե շրջափակել են Բախմուտը: Նրա խոսքով՝ մնացել է վերցնել ընդամենը 1 ճանապարհ: Պրիգոժինը դիմել է Վոլոդիմիր Զելենսկուն, կոչ արել թույլ տալ ուկրաինացի զինծառայողներին և Բախմուտի բնակիչներին՝ լքել քաղաքը:
Ավելի վաղ՝ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովը հայտարարել էր, որ Բախմուտում իրավիճակը շատ ծանր է, սակայն ռուսական կողմի կորուստներն ավելի շատ են, քան ուկրաինական կողմինը: Փոխվարչապետ Իրինա Վերեշչուկն էլ տեղեկացրել է, որ չնայած ակտիվ ռազմական գործողությունների գոտուց հարկադիր տարհանման հորդորներին՝ Բախմուտում հազարավոր բնակիչներ հրաժարվում են լքել իրենց տները: Մինչդեռ մոտակա գյուղերի բնակիչներն աստիճանաբար տարհանվում են:
Բախմուտի համար այժմ կատաղի մարտեր են ընթանում: Փորձագետների համոզմամբ՝ այն կարևոր տրանսպորտային հանգույց է Դոնբասում գտնվող ուկրաինական զորքերին մատակարարումների տեսանկյունից։