ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դիվանագիտական ծառայության անդամ Լուիս Բոնոյին նշանակել է Կովկասում բանակցային հարցերով ավագ խորհրդական: Այս պաշտոնում նա կաշխատի տարածաշրջանային առաջնորդների հետ` Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացն առաջ մղելու ուղղությամբ:
Պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև համընդգրկուն խաղաղության պայմանագրի կնքման, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման հարցում աջակցության հանձնառությանը: Լուիս Բոնոն Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության հաստատմանն աջակցելու համար կգործակցի Եվրամիության և ԵԱՀԿ-ի հետ:
Լուիս Բոնոյի նշանակմանն արձագանքել է նաև ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալը: Վեդանտ Պատել Լուիս Բոնոն ունի բարդ խնդիրների հետ աշխատելու զգալի փորձ և նոր պաշտոնը ստանձնելու հարցում վայելում է պետքարտուղար Բլինքենի վստահությունը: Նա առաջնորդելու է ԱՄՆ ներգրավվածությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման համար, նաև ներկայացնում է Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, իսկ այդ հարցը մշտական առաջնահերթություն է Բայդենի վարչակազմի համար:
Նորանշանակ պաշտոնյայի նախատեսվող այցերի մասին տեղեկություն դեռ չկա: Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները խորապես կարևոր են պետքարտուղար Բլինքենի համար: Նա հնարավորություն է ունեցել զրուցելու և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարների հետ։ ԱՄՆ-ը շարունակելու է խորապես ներգրավված մնալ այս հարցում:
ԱԴՐԲԵՋԱՆ ՄԱՀԱԲԵՐ ԶԵՆՔ ՉՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՄԵՆԵՆԴԵՍԻ ԿՈՉԸ
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը նամակ է հղել ԱՄՆ առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոյին՝ վճռականորեն դեմ արտահայտվելով առևտրի նախարարության՝ Ադրբեջան հրացանների արտահանման արտոնագրի տրամադրման հնարավոր ծրագրերին:
«Կոչ եմ անում ապահովել, որ որևէ տեսակի մահաբեր զենք չուղարկվի Ադրբեջանի որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի»,- նշել է սենատորը:
Նա հույս է հայտնել, որ նախարարությունում տեղյակ են՝ ինչ վայրագություններ է Ադրբեջանը տարիներ շարունակ իրականացրել Հայաստանի ժողովրդի դեմ, հիշեցրել Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիան և Արցախի 120 000 բնակչի շրջափակումը:
«Զենքի արտահանումը ավտորիտար երկիր, որը պատերազմ է մղում իր հարևանի դեմ և խախտում է սեփական ժողովրդի իրավունքները, չի համապատասխանում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցում ԱՄՆ վարչակազմի հանձնառությանը»,- հավելել է Մենենդեսը:
ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ՏՐԱՄԱԴՐՎԻ. ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ
Եթե Լաչինի միջանցքի շրջափակումը շարունակվի, հումանիտար աղետի վտանգ կարող է առաջանալ, ԱՄՆ Կոնգրեսում մտահոգություն է հայտնել Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդա Սանչեսը:
«Շուրջ 120 հազար հայ զրկվել է սննդից, վառելիքից և դեղորայքից: Տարածաշրջանը ձմռան պայմաններում մնացել է նաև առանց ջեռուցման և էլեկտրականության: Ադրբեջանը պետք է հասկանա, որ չի կարող հայ ժողովրդին ուժով իր կամքը պարտադրել: Արցախի ժողովրդին օգնություն պետք է տրամադրվի»,- ասել է կոնգրեսականը:
Նա նաև ընդգծել է հայ ժողովրդի դեմ ագրեսիայի համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու կարևորությունը:
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՐՑԱԽԸ ՄԵՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԵՆ. ՖՐԻԴՄԱՆ
Ներկայացուցիչների պալատի անդամ Լորա Ֆրիդմանը անդրադարձել է անցած շաբաթ Լոս Անջելեսում Լաչինի միջանցքի շրջափակման դեմ անցկացված բողոքի ակցիային, դատապարտել այն անձանց, որոնք հայամետ ցուցարարների դեմ ատելության խոսք պարունակող թռուցիկներ են տարածել Բևերլի Հիլզում:
«Կոչ եմ անում տեղական իշխանություններին հետաքննել այս միջադեպը: Հայաստանն ու Արցախն ավելի, քան երբևէ, մեր աջակցության կարիքն ունեն»,- շեշտել է Ֆրիդմանը:
ԹՈՒՐՔԻԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՋԱԿՑԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ. ԱՔԱՐ
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հերթական անգամ վերահաստատել է Անկարայի աջակցությունը Բաքվին:
«Ադրբեջանի հետ մեր գործակցությունը շարունակվում է։ Մինչ օրս մենք ամբողջ ուժով աջակցել ենք Ադրբեջանին ու շարունակելու ենք նույն տեմպով»,- ասել է Աքարը։
Նա նաև աջակցություն է հայտնել «Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ձևավորման ջանքերին», կարևորել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը: Անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմանը՝ Աքարը նշել է, թե դա կնպաստի Ադրբեջանի և ողջ տարածաշրջանի զարգացմանը: