ՌԴ-ԻԻՀ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՎԱԾ ՉԷ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐԻ ԴԵՄ. ՔԱՆԱՆԻ
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է, որ Մոսկվա-Թեհրան գործակցությունը հիմնված է ընդհանուր շահերի վրա և ուղղված չէ երրորդ երկրների դեմ։
Նա հավելել է՝ տեղեկությունները, թե Իրանը Ռուսաստանի տարածքում անօդաչու թռչող սարքեր է արտադրում, և թե Մոսկվան հրթիռներ է գնում Թեհրանից, քաղաքական դրդապատճառներ ունեն: Քանանիի խոսքով՝ նման հայտարարություններ անում են այն երկրները, որոնք զենք են տրամադրում ռուս-ուկրաինական հակամարտության կողմերին, և այդպիսով երկարաձգում պատերազմը:
«Իրանի դիրքորոշումը հայտնի է՝ մենք հակամարտության կողմ չենք և կարծում ենք, որ դիվանագիտությունն այն լուծելու միակ ճանապարհն է: Թեհրանը զենք չի ուղարկել կողմերից ոչ մեկին»,- ասել է Քանանին։
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ Թեհրանը Ռուսաստանին փոքր քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարել, սակայն ռուս-ուկրաինական հակամարտությունից մի քանի ամիս առաջ:
ԷՐԴՈՂԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱԹԵՆՔԻ ԴԵՄ ԱԳՐԵՍԻՎ ՀՌԵՏՈՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հունական լրատվամիջոցները գրում են, որ Թուրքիայի նախագահը շարունակում է Հունաստանի դեմ ագրեսիվ հռետորաբանությունը։ Մասնավորապես, Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական «Թայֆուն» բալիստիկ հրթիռի փորձարկումը վախեցրել է հույներին: «Հունաստանում մտահոգված են, որ հրթիռը կհարվածի Աթենքին։ Իհարկե կհարվածի, եթե Հունաստանը հանգիստ չմնա»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը դատապարտել է Աթենքին հարվածելու պատրաստակամության մասին Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը: «Անընդունելի է, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը նման սպառնալիքներ է հնչեցնում մեկ այլ անդամ պետության դեմ»,- նշել է դիվանագետը։
ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՄԻԱՆԱ ԵՄ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ. ԲՈՐԵԼ
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Թուրքիան պետք է վերանայի առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ և միանա ԵՄ հակառուսական պատժամիջոցներին։ Այդ մասին նա գրել է Եվրախորհրդարանին ուղղված նամակում՝ հաղորդում են գերմանական լրատվամիջոցները:
«Թուրքիան պաշտոնապես ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ունի, համայնքն ակնկալում է, որ թեկնածուները կհետևեն Միության պատժամիջոցների քաղաքականությանը»,- նշել է Բորելը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կարծիք էր հայտնել, որ եվրոպական երկրները բարձր ու ծանր գին են վճարելու Ռուսաստանը մեկուսացնելու փորձերի համար: Երեկ էլ տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը:
Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը քննարկել են տարբեր ոլորտներում գործակցության ընդլայնման հեռանկարը, արձանագրել երկրների միջև ապրանքաշրջանառության ռեկորդային աճը։ Կրեմլի մամուլի ծառայության տվյալով՝ կողմերն ընդգծել են էներգետիկ համատեղ նախագծերի իրականացման կարևորությունը, մասնավորապես՝ գազի արդյունաբերության ոլորտում։
ՍԻՐԻԱՅՈՒՄ ՑԱՄԱՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ՉՍԿՍԵԼ. ՌԴ ՀՈՐԴՈՐՆ ԱՆԿԱՐԱՅԻՆ
Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է հորդորել Անկարային Սիրիայում ցամաքային գործողություն չսկսել: Նրա խոսքով՝ այդ հարցով շփումներում դրական դինամիկա է նկատվում:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր նոյեմբերի 20-ին մեկնարկած օդային գործողությունից հետո Սիրիայի հյուսիսում ցամաքային գործողություն անցկացնելու մտադրության մասին։ Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալով՝ թուրքական հարվածների հետևանքով ավերվել են ահաբեկիչների հենակետեր, պահեստներ ու ապաստարաններ, սպանվել են նաև հարյուրավոր զինյալներ։
Արաբական լրատվամիջոցներն էլ, վկայակոչելով իրենց աղբյուրները, հայտնում են՝ Հալեպի հյուսիսում՝ թուրք-սիրիական զորքերի շփման գծում, «լարված հանգստություն» է նկատվում։ Նշվում է, որ թուրքական հրետանին դադարեցրել է ինտենսիվ հրետակոծությունը, սակայն ժամանակ առ ժամանակ հարվածներ է հասցնում Սիրիայի տարածքում քրդական կազմավորումների դիրքերին, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերով։
ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐ ԱՆԹԱԼԻԱՅՈՒՄ ԵՎ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Երեկվանից տեղացող հորդառատ անձրևները Թուրքիայի Անթալիայի շրջանում լուրջ ավերածությունների պատճառ են դարձել։ Հեղեղաջրերը քշել են ավտոմեքենաներ, քանդել ջերմոցներ, կամուրջներ, շինությունների առաջին հարկերն անցել են ջրի տակ: Տեղական իշխանությունները նշում են՝ վերջին 50 տարում նման իրավիճակի չեն բախվել: Բնակիչներին հորդորել են մնալ տներում:
Մոսկվայում նույնպես արտակարգ իրավիճակ է: Առատ անձրևների պատճառով ձյունը հալչում է, ինչի հետևանքով Ռուսաստանի մայրաքաղաքի փողոցները և բակերը հեղեղվել են: Լրատվամիջոցները հայտնում են, որ իրավիճակը բարդանում է մերկասառույցի պատճառով: Օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել են տասնյակ չվերթեր: